Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան։
Ըստ շտաբի՝ առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:
«Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Բաքվի պահանջներից է նաև՝ ամբողջովին լուծարել Արցախի պետական կառույցները։
«Խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում»
Ստեփանակերտը նաև տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:
Ստեփանակերտից երեկ Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի։
Մեծ խցանումներ՝ բենզալցակայաններում
Շտաբը նշում է, որ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:
Ստեփանակերտը խնդրում է բնակիչներին՝ առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:
«Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության», - ասված է շտաբի հայտարարությունում։
Շտաբը նաև հաղորդում է, որ Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի՝ կոչ անելով «զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը»։
Երեկ Հակարիի անցակետով ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի բեռնատարները ալյուր, վառելիք են տարել Արցախ։