Մատչելիության հղումներ

Հռոմի ստատուտն ընդդեմ Ռուսաստանի չի վավերացվում. Էդմոն Մարուքյան


Հռոմի ստատուտի հարցով Ռուսաստանի Դաշնությանը առաջարկ է արվել, հանդիպում է եղել, գործընթացն ընթացքի մեջ է, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։ Դա քաջ գիտակցում են մեր ռուս գործընկերները։ Այս գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա», - ասել է նա։

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով կրկին հայտարարել են, որ խորհրդարանը վավերացնելու է Հռոմի ստատուտը՝ մի փաստաթուղթ, որը կպարտավորեցնի Հայաստանին կատարել Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումները։

Հարցադրմանը, թե ինչ հնարավորություններ է տեսնում հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորման համար՝ հաշվի առնելով, որ դրանք վերջին շրջանում ճգնաժամի մեջ են, օրերս էլ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին նոտա է հանձնվել Փաշինյանի կնոջ՝ Ուկրաինա այցի կապակցությամբ, Մարուքյանը պատասխանել է. - «Բողոքի ցանկացած նոտայի Արտաքին գործերի նախարարությունը կարձագանքի համապատասխան ընթացակարգերին համապատասխան»։

Մոսկվայի մեկ այլ դժգոհությանը՝ հայ-ամերիկյան զորավարժություններին անդրադառնալով՝ դեսպանն ընդգծել է, որ դրանք տեղի են ունենում խաղաղապահ առաքելության շրջանակներում։

«Առաջին անգամ դրանք (հայ-ամերիկյան զորավարժությունները- խմբ.) անցկացվել են 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չեն եղել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն, դրանք շարունակական են և իրականացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, որոնց մասնակցում է մեր երկիրը», - հավելել է նա։

XS
SM
MD
LG