Դեռևս հայտնի չէ՝ Արցախի նախագահը կլինի ընդգրկված վաղը ադրբեջանական կողմի հետ կայանալիք բանակցությունների համար պատվիրակության կազմում։ «Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ կազմը հստակեցված չէ։
Արցախի տեղեկատվական շտաբը, ներկայացնելով կրակի դադարեցման վերաբերյալ արցախյան իշխանությունների հայտարարությունը, հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից բարձրացված ինտեգրացիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության ապահովման հարցերը Ադրբեջանի իշխանությունների և տեղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև կքննարկվեն վաղը՝ ադրբեջանական Եվլախում։
«Ազատությունը» Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է հանդիպման օրակարգի մանրամասների մասին.
«Ազատություն». - Պարո՛ն Բաբայան, արդյոք հայտնի է, թե ովքեր են վաղը մեկնելու Եվլախում նախատեսված բանակցություններին ադրբեջանցիների հետ։
Դավիթ Բաբայան. - Դժվար է հիմա ասել, իհարկե, պատվիրակությունը կձևավորվի։ Նախագահի մասնակցությունը կլինի, թե չէ, ցույց կտա ժամանակը։ Իհարկե, Սամվել Շահրամանյանը մասնակցում է բանակցություններին, բայց մեկ բան է նախագահի կարգավիճակով, մեկ բան է այլ պաշտոնում։ Կարելի է ասել, որ կազմը հստակեցված չէ։
«Ազատություն». - Ինտեգրացիան Արցախն ինչպե՞ս է պատկերացնում։ Ադրբեջանը երեկ հայտարարում էր վարչակազմը լուծարելու մասին։ Դա պետական մարմինների կազմաքանդո՞ւմ է ենթադրում, Արցախի ղեկավար չի՞ ունենալու։
Դավիթ Բաբայան. - Ադրբեջանն, իհարկե, ունի իր տեսլականը։ Բնական է՝ սա Արցախի պետականության ապամոնտաժում է, բայց բանակցությունները, հանդիպումը պետք է լինի, որովհետև սա նաև կարևոր կետ է այդ նոր զինադադարի համաձայնության։ Այնուամենայնիվ, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի և մեր ազգային արժանապատվությունը պահենք, և մեր պատմությունը չոտնահարենք, և մեր գենոֆոնդը կարողանանք փրկել։
«Ազատություն». - Վաղվա բանակցություններում բարձրացնելո՞ւ եք ինքնորոշման հարցը։
Դավիթ Բաբայան. - Ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ է դա նշած, ամեն ինչ, անկախ ամեն ինչից, որ մենք հիմա լքված ենք բոլորի կողմից, դա չի նշանակում, որ բոլորի կողմից լքվածը նաև պետք է ինքը իրեն դավաճանի, և ինքն իր սկզբունքները դավաճանի, իր պատմությունը դավաճանի, արժանապատվությանը դավաճանի։ Այ սա մենք չենք անելու։ Տեսնենք՝ ինչպիսի ընթացք են ունենալու բանակցությունները։
«Ազատություն». - Բայց ինտեգրացիան և ինքնորոշումը, պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս կարող են նույն բանակցությունների թեմա լինել։
Դավիթ Բաբայան. - Իրենք թեման առաջարկում են, իրենք ունեն այդ թեման, մենք կարող ենք դա քննարկել, դա չի նշանակում, որ ինչը ասվում է՝ ընդունվում է, կամ ինչը ասվում է, մերժվում է։ Տեսնենք էլի։
«Ազատություն». - Ձերբակալություններ են կանխատեսվում, այդ թվում՝ ներկա ու նախկին ղեկավարների, բարձրաստիճան զինվորականների։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։
Դավիթ Բաբայան. - Ադրբեջանն այս ամենի մասին խոսում է միշտ, որովհետև նա, ով ուժեղացրել է արցախյան պետականությունը, ասել է՝ թե հայոց պետականությունը, համարվում է թշնամի։ Այլ հարց է՝ ստացվելո՞ւ է, ինչ չափով է ստացվելու, ոնց է լինելու, ինչ է լինելու։
«Ազատություն». - Կան նաև լուրեր, որ տարհանում չի լինելու։ Դուք ի՞նչ տեղեկություն ունեք։
Դավիթ Բաբայան. - Այսօրվա պայմանավորվածությունների մեջ կա միայն մեկ բան՝ զինադադար, այնուհետև հանդիպում Եվլախ քաղաքում, և մենք էլ ունենք հարցեր, որ պետք է քննարկվեն։ Հիմա թող լինի այդ հանդիպումը, տեսնենք։
Սա մեր որոշումը չէ, պարտադիր է, պարտադրված է, այլ տարբերակ չունենք։ Այո, շատ ծանր է, ոմանք դա ընդունում են որպես պարտություն, բայց դա պարտություն է ոչ այնքան Արցախի, ինչքան նրանց, ով պարտավոր է եղել իր ազգային շահերից ելնելով, իր պատմությունից, իր վրա վերցրած պարտականություններից՝ ապահովել Արցախի անվտանգություն և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն։
«Ազատություն». - Ո՞ւմ նկատի ունեք։
Դավիթ Բաբայան. - Շատ պարզ եմ ասել, հասկացողը կհասկանա։
«Ազատություն». - Լաչինի միջանցքը բացելու հարց վաղը բանակցությունների օրակարգում լինելո՞ւ է։
Դավիթ Բաբայան. - Տարբեր հարցեր երևի կքննարկվեն, իհարկե, և այս հումանիտար ճգնաժամը։ Փաստորեն նոր պատերազմ են իրենք սանձազերծել, հետևանքներ։ Հազար ու մի խնդիր կա հիմա։