Այսօր առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով՝ վիրավորվել է շտապօգնության վարորդը։
«Միջազգային հանրությունը ՊԵՏՔ Է անհապաղ և հրատապ գործողություններ ձեռնարկի մարդկության դեմ հերթական հանցագործությունը կասեցնելու համար», - գրել է Ստեփանյանը՝ տեղի ունեցողը որակելով էթնիկ զտումներ և ցեղասպանություն, որոնք Ադրբեջանը իրականացնում է օրը ցերեկով։
120 հազար մարդ, այդ թվում՝ 33 հազար երեխա, 2 հազար հղի կին, 20 հազար տարեցներ, ովքեր 9-ամսյա շրջափակման ընթացքում բախվել են սաստիկ սովի, թերսնման և զրկված են եղել կենսական անհրաժեշտության բոլոր ապրանքներից, այժմ ենթարկվում են ֆիզիկական սպառնալիքի՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից, հայտարարել է Ստեփանյանը:
Գեղամյանն X-ի իր էջում նաև նկուղներում պատսպարված արցախցիների լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․«120 000 մարդկային կյանք լքված մնացած աշխարհի կողմից. «Բրավո» քաղաքակիրթ աշխարհին այս ցեղասպանությանը մեղսակցության համար» ու նշել ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների անուններ։
Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամի 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։