Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմը հայտնում է որոշ բնակավայրերի ազատագրման մասին


Այսօր Ռուսաստանի նախագահը կրկին հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների, բայց դրանց պատրաստ չէ ուկրաինական կողմը։

«Մենք երբեք չենք մերժել բանակցությունները, և եթե մյուս կողմը ցանկանում է դրանք, ապա ողջունելի է, բայց թող դրա մասին ասեն հստակ, ինչպես հիմա ես եմ ասում։ Բայց մենք չենք լսում բանակցությունների հետ կապված որևէ բան մյուս կողմից», - ասել է Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը։

Միևնույն ժամանակ ուկրաինական կողմը այսօր հայտարարեց Կրեշևկա գյուղը ազատագրելու մասին։

Առավոտյան էլ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատեց Բախմուտի մերձակայքում գտնվող Անդրեևկա գյուղի գրավումը։

«Հարձակողական գործողությունների ընթացքում պաշտպանական ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Կլեշչևկայի շրջանում և գրավել են Անդրեևկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրեևկան Բախմուտից հարավ գտնվող առանցքային բնակավայրերից է, որի համար պայքարը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Ուկրաինայի զինված ուժերը նշել են, որ Անդրեևկայի ազատագրումը կբարելավի ուկրաինական զորքերի մարտավարական դիրքերը և հնարավոր կդարձնի շրջափակել և դուրս մղել Բախմուտից ռուսական բանակի ստորաբաժանումները։


Անդրեևկան Բախմուտի մերձակայքում ուկրաինացի զինվորականների կողմից ազատագրված առաջին բնակավայրն է, որը գարնանը «Վագների» ջոկատների մասնակցությամբ երկար գրոհից հետո անցավ ռուսական վերահսկողության տակ։ Ամռան սկզբից ուկրաինացի զինվորականները փորձում են շրջափակել Բախմուտ քաղաքը և, մասնավորապես, գրավել Կլեշչևկայի տարածքում գերիշխող բարձունքները։ Անդրեևկան գտնվում է ավելի հարավ և Բախմուտից ավելի հեռու:

Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ ալիքներ չորեքշաբթի հայտնել են, որ ռուս զինվորականները լքել են ինչպես Անդրեևկան, այնպես էլ հարևան Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդում էին, որ ավերված երկու բնակավայրերն էլ գտնվում են այսպես կոչված՝ «գորշ» գոտում, այսինքն՝ դրանք ոչ ոք չի վերահսկում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Անդրեևկայի գրավման մասին տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է, միայն շեշտել է իր ամենօրյա զեկույցում, որ ռուսները ետ են մղել ուկրաինական կողմի գրոհները։

Մինչ Անդրեևկան գրավելը ուկրաինական ուժերը մտել էին Օպըտնոյե գյուղը. սա էլ Դոնեցկի մոտ է։

Ուկրաինական հակահարձակման հետ մեկտեղ ռուսները փորձել են սեփական հարձակումն անցկացնել Դոնեցկի մարզում, սկսել են ակտիվորեն գրոհել ուկրաինական դիրքերը Մարինկայի և Ավդեևկայի մոտ և ավելի շատ կրակել ուկրաինացի զինվորականների ուղղությամբ։ Բայց, չնայած դրան, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է ռուսական բանակին դուրս մղել Օպիտնոյե գյուղի մի հատվածից, որը գտնվում է Դոնեցկի օդանավակայանի հարևանությամբ։

Իրավիճակը ճակատում մնում է լարված, կատաղի մարտերը չեն դադարում ոչ արևելքում, ոչ էլ հարավում, ռուսական ուժերն էլ
շարունակում են ուժգին ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։

Խերսոնի մարզում ուկրաինական իշխանությունները հայտարարել են պարտադիր տարհանման մասին։ Ուկրաինական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկոդունը կոչ է արել երեխաներ ունեցող ընտանիքներին թողնել ռմբակոծվող բնակավայրերը։

Հինգշաբթի Խերսոնի շրջանի պաշտպանության խորհուրդը որոշել է հայտարարել ռուսական բանակի կողմից մշտապես գնդակոծվող առաջնագծի շրջաններից երեխաներ ունեցող ընտանիքների պարտադիր տարհանման մասին։ Տարհանման որոշումը վերաբերում է Դնեպրի աջ ափի ողջ երկայնքով գտնվող մի քանի տասնյակ գյուղերին և Կախովկայի ջրամբարի նախկին ափին։

Երեկ Ուկրաինայի դատախազությունը հայտնել է, որ Խերսոնի շրջանի գյուղերից մեկում ռուսական արկից վեցամյա տղա է զոհվել, իսկ նրա 13-ամյա եղբայրը և ևս երեք մեծահասակներ վիրավորվել են։

XS
SM
MD
LG