Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանքի իր մտադրությունը. Փաշինյան


Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, նաև ասաց գործադիրի ղեկավարը։

Հիշեցնելով սեպտեմբերի 1-ի Սոթքի դեպքերը, որի հետևանքով 3 հայ զինվոր զոհվեց, հրադադարի ռեժիմը խախտելու մասին լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից, Լաչինի միջանցքի արգելափակված լինելը, Լեռնային Ղարաբաղում գագաթնակետին հասած հումանիտար ճգնաժամը՝ Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։

«Նման սադրանքը հիմանավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր», - ասաց գործադիրի ղեկավարը, չստակեցնելով, թե ինչ թեզերի մասին է խոսքը, սակայն հայտարարեց՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։

«Մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»

Փաշինյանն ընդգծեց Հայաստանի հավատարմությունը 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պարահայում և 2023-ի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, էական համարեց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների։

«Այս ամենի հենքի վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին», - եզրափակեց վարչապետը։

XS
SM
MD
LG