Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳՆ


Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները հանդիսանում են սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը», - նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 4 զոհի և 1 վիրավորի մասին: Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է «Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին»:

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Երևանը միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին կոչ է անում «առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG