Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռազմաճակատի մի քանի ուղղություններով թեժ մարտեր են ընթանում


Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները փաստում են, որ ռազմաճակատի մի քանի ուղղություններով թեժ մարտեր են ընթանում։

Ընդ որում, ռուսները պնդում են, թե կարողանում հետ մղել ուկրաինացիների գրոհները, իսկ ուկրաինացիներ հայտարարում են, թե արդեն ճեղքել են ռուսների պաշտպանության առաջին գիծը։

«Ուկրաինական բանակը շարունակում է հակահարձակումը, և Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի հատվածներից մեկում ճեղքել են Ռուսաստանի պաշտպանության առաջին գիծը», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը. - «Հարձակումը երկար գործընթաց է։ Մենք պլաններ ունենք, մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք»։

Ամենալարված իրավիճակը Զապորոժիեի մարզում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, թե այս ուղղությամբ ռուսների պաշտպանությունը փորձում են ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի բրիգադները, որոնց անձնակազմը վերապատրաստվել է արևմտյան մասնագետների ղեկավարությամբ։ Ընդ որում, Շոյգուն պնդել է, թե ռուսները կարողանում են հետ մղել ուկրաինացիների գրոհները։

Ամենաինտենսիվ մարտերի վայրերը մնում են նույնը. Բախմուտ, Լիման և Կուպյանսկ ուղղությունները Դոնբասում, Մելիտոպոլը՝ Զապորոժիեի մարզում։

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են Ռոբոտինոյի և Նովոպրոկոպովկայի մոտ և հարձակողական գործողություններ են իրականացնում Բախմուտից հարավ։ Դոնեցկի մարզի Ավդեևկայում և Մարիինկայում, հակառակը, ռուսական ուժերն են փորձում առաջ գնալ։

Այն, որ ուկրաինական ուժերը կարողացել են ճեղքել ռուսների կառուցած պաշտպանական առաջին գիծը, արդեն խոստովանաում է նաև ռուսական կողմը։ Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության Ազգային գվարդիայի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոդակովսկին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են սկսել Դոնեցկի մարզի արևմուտքում գտնվող Նովոդոնեցկոյե և Նովոմայորսկոյե բնակավայրերի միջև ընկած հատվածում։

Նրա խոսքով, փորձ է արվում ճեղքել՝ «մեծ թվով զրահատեխնիկայի կիրառմամբ»։

Խոդակովսկին գրում է, թե մի քանի օր շարունակ ուկրաինական զորքերը ակտիվորեն հրետակոծում էին ռուսական դիրքերը, ինչի հետևանքով «ականապատնեշները կորցրին իրենց արդյունավետությունը, իսկ գնդակոծությունների շարունակականությունը սակրավորներին հնարավորություն չտվեց ականապատել և վերականգնել ավերվածը». -
«Արդյունքում հակառակորդը կարողացավ գրեթե առանց կորուստների մոտենալ մեր դիրքերին։ Մեր ամրությունների վրա ուղիղ կրակից հետո հետ քաշեց տեխնիկան՝ վախենալով մեր հրետանու արձագանքից»։

Նա հավելում է, որ Նովոդոնեցկոյեի մատույցներում հիմա կատաղի մարտ է ընթանում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը նույնպես հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հետևակայիններին հաջողվել է անցնել հակատանկային խրամատներն և «վիշապի ատամներով» ամրություններ Ռաբոտինո գյուղի մոտակայքում։

Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ իրենք դեռ պատրաստ չեն եզրակացություն անել այս հատվածում ռուսական պաշտպանական գծի բեկման մասին, քանի որ դեռևս չեն տեսել այնտեղ ուկրաինական ծանր տեխնիկայի առկայությունը հաստատող կադրեր։

Ուկրաինայի հարավում ռուսական «Սուրովիկինի գծի» ճեղքման մասին ավելի վաղ ևս հայտարարում էին տարբեր աղբյուրներ։ Ինքը Սուրովիկինը, ինչպես վկայում է մամուլում այսօր հրապարակված նրա լուսանկարը, արդեն կալանավայրում չէ։

Ուկրաինայում ռուսական զորքերի խմբի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Սերգեյ Սուրովիկինը անհետացել էր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո։ Պաշտոնապես ոչինչ չէր հայտարարվում նրա գտնվելու վայրի մասին, սակայն տարբեր աղբյուրներ գրել էին, որ նրան ձերբակալել են Պրիգոժինին աջակցելու համար։ Մինչդեռ Կրեմլի խոսնակը այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հորդորել է իրեն Սուրովիկինի մասին հարցեր չտալ։

Ճակատում ուկրաինացիների հաջողությունների ֆոնին նախագահ Զելենսկին որոշել է փոխել պաշտպանության նախարարին՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակին նոր մոտեցումներ են անհրաժեշտ ։

Այսօր Ռադան ազատել է Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Կիրակի օրը Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ որոշել է աշխատանքից ազատել Ռեզնիկովին։ Ակնկալվում է, որ նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Այսօր Ռադան Ումերովին ազատել է նախկին պարտականություններից։ Ումերովին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Ուկրաինայի խորհրդարանը պետք է քվեարկի վաղը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG