Մատչելիության հղումներ

Պաշտոնական Փարիզը Բաքվի քայլերը անբարո է որակել


Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի գնահատմամբ, Բաքուն Արցախի հայերի նկատմամբ խեղդամահության ռազմավարություն է կիրառում, որպեսզի ստիպի նրանց զանգվածաբար արտագաղթել։

Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է արտերկրում՝ Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովին ունեցած իր ելույթի ընթացքում։

«Մենք մոբիլիզացվում ենք այնպես, որ պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար, սահմանազատվեն երկու երկրների միջև սահմանները, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այնտեղ ապրելու հնարավորություն առաջարկվի՝ ապահովելով իրենց իրավունքները, մշակույթը և պատմությունը», - հայտարարել է Կոլոնան և հավելել․ - «Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելուն ուղղված խեղդամահության ռազմավարությունն անօրինական է և, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն է վճռել, այն նաև անբարո է»։

Նախօրեին նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ Փարիզը միջազգային մակարդակով կրկին հանդես կգա դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը։

XS
SM
MD
LG