Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները սպառնացել են՝ «Արցախի Հանրապետություն» գրությամբ շտապօգնության մեքենան հաջորդ անգամ չեն թողնելու անցնի


Ստեփանակերտի շտապօգնության տնօրեն Լիլիթ Նազարյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասներ փոխանցեց Լաչինի միջանցքում այսօր տեղի ունեցած միջադեպից։

Նրա փոխանցմամբ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ իրենց մեքենայով այսօր Հայաստան էին տեղափոխում ծանր վիճակում գտնվող 3 երեխաների՝ նրանց մայրերի հետ։ Ադրբեջանցիները կանգնեցրել են շտապօգնության մեքենան և բուժքրոջից պահանջել պոկել հայատառ պաստառը, հակառակ դեպքում սպառնացել, որ թույլ չեն տալու տեղափոխել հիվանդ երեխաներին։ Ընդ որում, ադրբեջանցի սահմանապահները ասել են, թե Արցախի շտապօգնության մեքենան իրենց է պատկանում։

«Մեր ադրբեջանական ավտոն է, սենց են ասել, հլը վրան էլ հայկական տառերով գրել եք Արցախի Հանրապետություն... ու ասել են՝ կզգուշացնեք ձեր ղեկավարությանը, որ 2 -րդ անգամ եթե շտապօգնության մեքենա գա, ու էս պաստառը կլինի, ընդհանրապես չենք թողնելու անգամ էդ ավտոն տանեք», - ասաց նա։

Կարմիր խաչի ուղեկցությամբ հիվանդները Արցախից շտապօգնության մեքենաներով են տեղափոխվում Հայաստան այն դեպքում, երբ հիվանդները ծանր վիճակում են, պետք է պառկեն, թթվածնի կարիք ունեն և այլն։

Արցախի շտապօգնության տնօրենը տարակուսած է՝ ամեն անգամ այդ նույն մեքենայով են հիվանդներին տեղափոխել՝ նույն պաստառով, և միայն այս անգամ է, որ ադրբեջանցիները սա խնդիր են դարձրել։ Լիլիթ Նազարյանը ենթադրում է, որ այդկերպ ադրբեջանցիները փորձում են վախ ու լարվածություն առաջացնել։

XS
SM
MD
LG