Մատչելիության հղումներ

Դանիան որոշել է քրեականացնել սուրբ գրքերի այրումը կամ պղծումը


Դանիայի իշխանությունները որոշել են քրեականացնել սուրբ գրքերի, այդ թվում՝ Ղուրանի, Աստվածաշնչի և Թորայի հրապարակային այրելը կամ պղծելը: Այս մասին հայտարարել է Դանիայի արդարադատության նախարար Պիտեր Հումելգաարդը։

Որոշումն ընդունվել է այդ երկրում Ղուրանի այրման մի քանի դեպքերից հետո, որոնք բողոքի ալիք են հարուցել մահմեդական երկրներում։ Դանիացի պաշտոնյայի խոսքով՝ նման գործողություններն այսուհետ կպատժվեն մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Հումելգաարդը սուրբ գրքերի պղծման գործողություններն անվանել է «ծաղր», որը վնասում է դանիացիների անվտանգությանը թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում»։ Դանիայի արդարադատության նախարարը միաժամանակ ընդգծել է՝ արգելքը խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, նրա խոսքով՝ նոր օրենքը պետք է քաղաքացիներին սովորեցնի իրենց կարծիքն արտահայտել ավելի քաղաքակիրթ ձևով։

Վերջին ամիսներին Դանիայում և հարևան Շվեդիայում մի շարք ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները մահմեդական երկրների դեսպանատների առջև այրել են Ղուրանը։ Միջադեպերը զանգվածային բողոքի ցույցեր են հարուցել մահմեդական երկրներում և կոշտ արձագանք՝ դիվանագիտական մակարդակով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մասնավորապես, սպառնացել է չհաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը, եթե Ստոկհոլմը վերջ չդնի նման գործողություններին։

XS
SM
MD
LG