Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրապարակային այրումից և նողկանք է զգում նմանօրինակ գործողությունների նկատմամբ:
«Զայրացած եմ, նողկանք եմ զգում, ցանկացած գրքի հանդեպ, որը որևէ ժողովուրդ սուրբ է համարում, պետք է ակնածանքով վերաբերվել՝ դա է պահանջում հարգանքն այդ ժողովրդի նկատմամբ: Խոսքի ազատությունը չի տալիս ուրիշներին վիրավորելու իրավունք», - հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:
Այդ մասին նա ասել է Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող Al Ittihad պարբերականի խմբագիր Համադ ալ-Քաաբիին տված հարցազրույցում:
Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել Ղուրանի այրումը:
Այդ գործողությունը կատարել է Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան: Նման ակցիա կատարելու առաջին դիմումը մերժվել էր: Թույլտվություն ստանալուց հետո նա Ղուրանից էջեր է պոկել և այրել է: Ոստիկանները ներկա են եղել հրապարակում, բայց չեն միջամտել:
Այդ օրն աշխարհի մահմեդականները նշել են իրենց գլխավոր տոներից մեկը ՝ Իդ ալ Ադհան, որը նշանավորում է հաջի՝ մահմեդական ուխտագնացության ավարտը: Թյուրքալեզու ժողովուրդներն այդ տոնն անվանում են Կուրբան Բայրամ:
Իրաքցի ներգաղթյալի արարքը դատապարտել են մեծ թվով պետական և հասարակական գործիչներ և կրոնական առաջնորդներ տարբեր երկրներից:
Սալվան Մոմիկան իր արարքի դրդապատճառը չի բացատրել և ասել է, թե չի ցանկանում վնաս հասցնել իրենց ապաստան տրամադրած Շվեդիային, բայց մտադիր է պատռել և այրել Ղուրանը: