Մատչելիության հղումներ

Պուտինը Պրիգոժինի մասին խոսել է անցյալ ժամանակով


Ռուսաստանի նախագահ Վլադիր Պուտինը առաջին անգամ, արձագանքելով Պրիգոժինի օդանավի կործանմանը, ցավակցություն է հայտնել ու Պրիգոժինի մասին խոսել է անցյալ ժամանակով։

Տվերի շրջանում օդանավը կործանվել է չորեքշաբթի երեկոյան, 10 մարդ է զոհվել, մեկ օր անց՝ հիգշաբթի երեկոյան, Պուտինն ասել է․ - «Ինչ վերաբերում է այդ ավիաղետին, ապա առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցության խոսքեր արտահայտել բոլոր զոհվածների ընտանիքներին։ Նախնական տվյալները վկայում են, որ այնտեղ գտնվել են «Վագներ» ընկերության աշխատակիցները, կցանկանայի նշել, որ այդ մարդիկ էական ներդում են ունեցել Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի դեմ մեր ընդհանուր պայքարում։ Մենք դա հիշում ենք, գիտենք և չենք մոռանա»։

«Պրիգոժինին ես ճանաչում եմ շատ վաղուց՝ 90-ական թվականների սկզբներից»,- շարունակել է Պուտինը՝ Պրիգոժինի մասին խոսելով անցյալ ժամանակով․ - «Նա բարդ ճակատագրի տեր մարդ էր, և՛ կյանքում լուրջ սխալներ է ունեցել, և՛ անհրաժեշտ արդյունքների է հասել՝ և՛ իր համար, և՛ երբ ես եմ նրան խնդրել՝ ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին։ Նա տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր գործարար։ Աշխատել է ոչ միայն մեր երկրում, նաև արդյունավետ աշխատել է արտասահմանում, մասնավորապես, Աֆրիկայում։ Այնտեղ նավթով է զբաղվել, գազով, թանկարժեք մետաղներով ու քարերով։ Ինչպես ինձ հայտնի է դարձել, երեկ էր վերադարձել Աֆրիկայից, այստեղ հանդիպել էր պաշտոնատար որոշ անձանց»։

Պուտինը նշել է, որ Քննչական կոմիտեի ղեկավարն իրեն զեկուցել է, որ միջադեպի նախաքննությունն արդեն սկսվել է։

«Այն կիրականացվի ամբողջ ծավալով ու մինչև վերջ։ Այստեղ կասկած չկա։ Տեսնենք մոտ ժամանակում ինչ կասեն քննիչները։ Իսկ հիմա փորձաքննություններ են անցկացվում՝ տեխնիկական ու գենետիկ փորձաքննություններ, դա որոշակի ժամանակ է պահանջում», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Պաշտոնապես դեռ ոչինչ հայտնի չէ Պրիգոժինի բիզնես օդանավի կործանման պատճառների մասին։ Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերն ասել է, թե բազմաթիվ փաստերի վրա հիմնված իրենց սկզբնական գնահատականն այն է, որ Պրիգոժինը սպանվել է։

Իսկ սոցցանցերում ամենաշատ քննարկվող վարկածները երկուսն են՝ պայթյուն օդանավի ներսում, կամ օդանավի վրա հրթիռ է արձակվել։

Շատ մեկնաբանություններ կան, որ Պուտինը չի ներել Պրիգոժինին խռովության փորձի համար։

Բանակի ղեկավարությանը խստորեն քննադատող Պրիգոժինն անցած հունիսին իր ռազմական ստորաբաժանումները շարժեց Մոսկվայի ուղղությամբ՝ մեղավորներին պատժելու համար։ Պուտինը դա դավաճանություն էր գնահատել, ու հայտարարել, որ մեղավորները անխուսափելիորեն կպատժվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG