Մատչելիության հղումներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը խզել է պայմանագիրը Պրիգոժինի «Կոնկորդի» հետ


ՌԴ պաշտպանության նախարարությունը խզել է ապստամբության փորձ արած Եվգենի Պրիգոժինին պատկանող «Կոնկորդ» հոլդինգի հետ սննդամթերքի մատակարարման պայմանագիրը։ Հոլդինգի աշխատակիցներն այժմ ազատվում են աշխատանքից։

Concord-ը («Կոնկորդ») Եվգենի Պրիգոժինի բիզնես կայսրության մի մասն է։ Հոլդինգը ներառում է տասնյակ իրավաբանական անձանց, զբաղվում էր դպրոցների, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, այդ թվում՝ ռուսական զորամասերի և հիվանդանոցների սննդի մատակարարմամբ։ «Վագներ»-ի ապստամբության ավարտից հետո սպասվում էր, որ հոլդինգը կկարողանա անցնել նոր սեփականատիրոջը, սակայն երեկ աշխատակիցներին ասվել է, որ նրանք կազատվեն աշխատանքից։ Ղեկավարությունը աշխատակիցներից պահանջել է ոչնչացնել ընկերության փաստաթղթերը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Կոնկոդը» մեկ տարվա ընթացքում բանակին սննդի մատակարարման պետական պայմանագրերով վաստակել է 86 միլիարդ ռուբլի։

Հունիսի 23-24-ին «Վագների» գործողություններից հետո Եվգենի Պրիգոժինի հետ կապված ընկերությունները սկսեցին զանգվածաբար փակվել։

Ինքը՝ Եվգենի Պրիգոժինը չի մեկնաբանել իր ակտիվների փակումը։ Ենթադրաբար նա Բելառուսում է։ «Վագներ»-ի հետագա ճակատագիրն անհայտ է։

XS
SM
MD
LG