Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանին՝ հայտնի տնտեսագետ, ընդդիմադիր Գուբադ Իբադօղլուին ազատազրկելու համար։
«Մենք խորապես մտահոգված ենք Իբադօղլուի վատթարացող առողջությամբ և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,-հայտարարել են Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ Մարիա Կալյուրանդն ու Ժելյանա Զովկոն։
Եվրոպացի պատգամավորները միաժամանակ ընդգծել են՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումը Ալիևի վարչակազմի կողմից էական վնաս է հասցնում Ադրբեջանի միջազգային վարկին ու հեղինակությանը։
51-ամյա Գուբադ Իբադօղլուն ազատազրկվել է անցած ամիս՝ կեղծված ամերիկյան դոլարներ իրացնելու մեղադրանքով։ Իրավապաշտպան կազմակերպությունները, մինչդեռ, պնդում են, թե նա ձերբակալվել է Ալիևին քննադատելու, նրա վարչակազմի կոռուպցիոն գործարքները բացահայտելու պատճառով։