Մատչելիության հղումներ

Բաքվում պնդում են գյուլենական ցանցի բացահայտման մասին


Գյուլենականների ադրբեջանական ցանցի բացահայտո՞ւմ, թե՞ ընդդիմադիրների դեմ հալածանքների հերթական փուլի սկիզբ։ Արդեն երրորդն օրն է, ինչ ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները փորձում են գտնել այս հարցի պատասխանը՝ հարց, որ խիստ հրատապ դարձավ բաքվեցի հայտնի տնտեսագետ, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի (LSE) պրոֆեսոր, Ադրբեջանի ժողովրդավարության և բարօրության կուսակցության առաջնորդ Գուբատ Իբադօղլուի կիրակի օրը տեղի ունեցած աղմկալի ձերբակալությունից հետո։

Հատուկ գործողություն հիշեցնող այս ձերբակալությունից ժամեր անց իրավապահները հայտարարեցին, որ ընդամենը երեք շաբաթ առաջ հայրենիք վերադարձած Իբադօղլուն Բավքում զբաղվել է ամերիկյան կեղծ դոլարների պատրաստմամբ և իրացմամբ։ Պետական լրատվամիջոցները, սակայն, արագորեն մեկ այլ վարկած շրջանառության մեջ դրեցին, ըստ որի՝ Իբադօղլուն սերտ կապեր ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի ոխերիմ թշնամու՝ Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ։ Ադրբեջանի իշխանամետ մամուլը նույնիսկ պնդեց, թե նա մի քանի անգամ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Գյուլենին հանդիպելու նպատակով։

«Իմ հայրը երբեք Փենսիլվանիայում չի եղել», -Բեռլինում գործող Meydan TV կայքին տված հարցազրույցում երեկ պնդել է ձերբակալված ընդդիմադիր գործչի դուստրը՝ Ջալե Բայրամովան։

Ադրբեջանցի մի շարք իրավապաշտպանների և ընդիմադիր գործիչների համոզմամբ էլ՝ Իբադօղլուի ձերբակալության իրական պատճառը նրա վերջին ամիսների գործունեությունն էր։

«Տնտեսագետը բացահայտել էր այն կոռուպցիոն սխեմաները, որոնք գործի են դրվում 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում իրականացվող շինարարության ընթացքում», - պնդում են ընդդիմադիրները։

Բացի այդ, Իբադօղլուն մոտ երկու շաբաթ առաջ Ֆեյսբուքում արված գրառմամբ տեղեկացրել էր, որ Լոնդոնում գրանցել է «Ադրբեջանական երիտասարդության կրթական հիմնադրամ» անունը կրող կառույցը։

Նա վստահեցրել էր, որ իր և մի շարք այլ ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված այս հիմնադրամի միջոցները գոյանալու են ադրբեջանցի կոռումպացված չինովնիկների՝ արտերկրում գտնվող գույքի բռնագանձման հաշվին։

Նրա՝ Արևմուտքում ունեցած կապերի և նրա ձերբակալության՝ ոչ շարքային իրադարձություն լինելու մասին է վկայում նաև պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Գուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել սեփական քաղաքացիների, այդ թվում՝ Գուբատ Իբադօղլուի իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ Ադրբեջանի սահմանադրության և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան», - երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։

«Գուբատ Իբադօղլուն իր ձերբակալության պատվիրատու է համարում Իլհամ Ալիևին»,- հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր մի շարք կառույցներ միավորող Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։ Այս մասին նախագահության նախկին թեկնածուն ասել է այսօր Բաքվում կայացած հավաքի ժամանակ, որի ընթացքում մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներ ու իրավապաշտպաններ հայտարարել են Գուբատ Իբադօղլուի պաշտպանության հանրային կոմիտե ստեղծելու մասին։

Ի պաշտպանություն ընդդիմադիր գործչի՝ այսօր հայտարարություններ են տարածել նաև «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմն ու Ադրբեջանի թալիշների հանրային խորհուրդը։ Երկու կառույցներն էլ վստահ են,ո ր Իբադօղլուի ձերբակալության պատճառները զուտ քաղաքական են։

Այս համոզմանն է նաև Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին, որը ֆեյսբուքում արված գրառման մեջ նշել է. «Քաղաքական այս հալածանքներով իշխող վարչակազմը մարտահրավեր է նետում ողջ ժողովրդին։ Իշխանությունները այս քայլով փորձում են ցույց տալ, որ իրենց կառավարումը որքան հնարավոր է երկարաժամկետ է լինելու»։

Ադրբեջանցի իրավապահները այս բոլոր մեղադրանքները կտրականապես հերքում են՝ պնդելով, թե Իբադօղլուին ձերբակալել են այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Բաքվին օպերատիվ տեղեկատվություն է տրամադրել այստեղ գործող գյուլենական ցանցի մասին։ «Անկարայից ստացված տեղեկատվության հիման վրա ձերբակալված չորս անձանցից մեկն էլ հենց իր ցուցմունքներում հիշատակել է ընդդիմադիր գործչին», - նշում են Իբադօղլուի փաստաբանները՝ ընդգծելով, որ իրենց պաշտպանյալն ու այդ մարդը երբեք չեն հանդիպել։

XS
SM
MD
LG