Վանաձորն այդպես էլ նոր, արտահերթ ընտրությունների չգնաց, թեև փորձագետները դա համարում էին ավելի քան մեկ տարի տևող կառավարման ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը։ ԿԸՀ-ն միայն հանրապետության երկու համայնքներում՝ Սիսիանում ու Անիում արտահերթ նշանակեց, երբ հերթական ընտրություններից հետո չհաջողվեց այդ համայնքներում տեղական իշխանություն ձևավորել։ Վանաձորն այդ ցանկում չկար։
2021-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանին, ըստ էության, միայն մեկ նիստ է գումարել, այն էլ՝ արտահերթ, որտեղ հաստատվել են այս տարվա բյուջեն, հաստիքացուցակն ու սուբվենցիոն ծրագրերը։ Դրանից հետո համայնքի ժամանակավոր իշխանություններն անգամ չեն էլ նախաձեռնում նիստեր, որտեղ կլուծվեին ընթացիկ հարցերը։ Խոշորացումից 15 ամիս անց Վանաձորին միացած գյուղերը փաստացի դեռ վարչական ղեկավարներ չունեն։ Օրենքով նրանք չեն նշանակվի, քանի դեռ Վանաձորն էլ ընտրված համայնքի ղեկավար չունի։
ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանն էր ամիսներ առաջ կանխատեսել, թե ամռանը Վանաձորում արտահերթ ընտրություններ կլինեն։
«Կարծում եմ, որ այս ժամանակահատվածը, ընդհանուր տրամադրությունները և այլն, հուշում են, որ ամեն դեպքում կարիք կլինի նոր ընտրությունների, ու իրականում կա այդ ընդհանուր լեգիտիմության ու քաղաքի կառավարման մեջ բնակչության մասնակցության անորոշության հարցը: Արդեն կա այնպիսի համամասնություն, այնպիսի իրավիճակ է այդ նույն ավագանիում, որ իրականում այլևս չի արտացոլում այն ընտրությունը, որը կատարել են մարդիկ, այսինքն՝ այս առումով թերևս ավելի տրամաբանական կլիներ ունենալ նոր ընտրություններ», - ասել էր նա:
Արդեն մեկ տարուց ավելի վարչական դատարանն այդպես էլ չի քննել Վանաձորի ավագանու նկատմամբ սահմանած արգելանքի հարցը։ Ավագանին դատարանի որոշմամբ չի կարող հերթական նիստեր գումարել ու համայնքի ղեկավար ընտրել։ Տասն օրից է դատական նիստ նշանակված։ Արդյո՞ք վարչական դատարանն առաջիկա նիստին ի վերջո կվերացնի արգելանքը տեղական ինքնակառավարման մարմնի նկատմամբ, այն դեպքում, երբ վերացված չէ արգելանքի պատճառը։
Վճռաբեկ դատարանը դեռ չի քննել «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքը, որ կապված էր 2021-ի դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքների հետ։ «Լուսավոր Հայաստանը», որ նախկին ավագանիում ամենամեծ ընդդիմադիր ուժն էր, որևէ մանդատ չէր ստացել 2021-ին։ Վիճարկել էր արդյունքները, որի շուրջ իսկական իրավական թնջուկ է առաջացել Վանաձորում ու այդպես էլ չի լուծվում ավելի քան մեկ տարի։
ՏԻՄ փորձագետն ասում է՝ աննախադեպ իրավիճակը հնարավոր չեղավ լուծել եղած օրենքներով. «Վանաձորի ավագանին կամ տեղական ինքնակառավարման մարմինները արդեն երկրորդ ժամկետն է ապացուցում են, որ օրենքը չի կարող նախատեսել ամեն ինչ, կամ այն, ինչ նախատեսվում է օրենսդրությամբ, շատ տարօրինակ ձևով կարելի է փոփոխել»։
Կես տարվա ճգնաժամից հետո անցած տարի խորհրդարանն օրենք փոխեց՝ հնարավորություն տալով վարչապետին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ավագանու անդամներից մեկին։ Նշանակվեց իշխանության հետ համագործակցող Արկադի Փելեշյանը։ Նա գրեթե մեկ տարի է՝ պաշտոնավարում է։ Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում նշեց, թե գոհ է Վանաձորի ժամանակավոր իշխանությունից։
«Խնդիրներ կան, բազմաթիվ են, խնդիրները բազմապիսի են, բայց չնկատել կատարված աշխատանքները ես դրա հետ համաձայն չեմ», - նշել էր նա։
Վանաձորի ավագանու նախկին ընդդիմադիր անդամ Հայկազ Սիմիկյանը շեշտում է՝ եղած խնդիրները չտեսնելը դարձել է բոլոր ժամանակների իշխանավորների գործելաոճ՝ ի՞նչ է եղել որ, ասում ու առաջ են անցնում, քանի դեռ իշխանությունն իրենցն է։
«Այդ նույն ձևի ով լինում է իշխանության, իր համար այդ ամեն ինչը ոչ մի բան է, ինքը չի տեսնում: Երբ ասում ես՝ խնդիր կա, քանի որ ինքն է, ասում է՝ պրոբլեմ չկա, մինչև էդ նախորդ իշխանությունն էլ էր ասում՝ պրոբլեմ չկա: Հիմա էլ են ասում՝ չկա: Վաղը ով էլ գա, ինչքան էլ պրոբլեմ ունենա, մեկ է պիտի պնդի, որ այդ պրոբլեմն ինքը չունի, որովհետև հենց դա է բերում հեղափոխության, իշխանափոխության, որովհետև տվյալ իշխանության մարդիկ իրենք ադեկվատ չեն գնահատում իրավիճակը, ու դա բերում է պրոբլեմների, հիմա էլ է նույն խնդիրը: Հասարակության մեջ ես խնդիրը չեմ տեսնում, հասարակութան համար մեկ է, ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա», - ասաց նա։
Նման քաղաքական ճգնաժամ Վանաձորում կար նաև 2016-ի ընտրություններից հետո։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանն» ավելի քան մեկ տարի բոյկոտում էր նիստերը, բայց այդպես էլ ավագանին չլուծարվեց, ու նոր ընտրություններ տեղի չունեցան։ Այդ ժամանակվա ղեկավար Մամիկոն Ասլանյանն արդեն 15 ամիս է՝ բանտում է կոռուպցիոն մեղադրանքներով։