Մատչելիության հղումներ

Սոսի Թաթիկյան. Ռուսները միջազգային խաղաղապահության նորմերին համապատասխան չեն գործում


Այս բոլոր գործընթացները, հատկապես՝ Արցախի շրջափակումից ի վեր, «ցույց են տալիս, որ ռուսները իրենց դերակատարությունը չեն կատարում, միջազգային խաղաղապահության նորմերին համապատասխան չեն գործում», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը:

«Իրենց համար փաստորեն Արցախը դարձել է միգուցե Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու, ինչ-որ գործարքներ կնքելու փաթեթի մի մաս: Հետևաբար՝ միգուցե իրենք այնպիսի համաձայնության գան Ադրբեջանի հետ, որ նույնիսկ 2025 թվականից շո՞ւտ դուրս գան, դա չի բացառվում», - նշեց Թաթիկյանը:

«Եթե նույնիսկ մնան, հիմա իրենք ի՞նչ են անում», - ընդգծեց նա՝ շարունակելով. - «Այսինքն, իրենք հասան այն կետին, որ միակ բանը, որ մնում է, դա այն է, որ իրենք թույլ տան, որ ադրբեջանական զորքերը մտնեն Ստեփանակերտ: Հուսանք, որ գործը դրան չի հասնի: Սակայն այն կետին, ինչ այսօր մենք հասել ենք, ես, որ 20 թվի նոյեմբերի 10-ից մտահոգություն եմ հայտնել, որ մենք ունենք ոչ թե միջազգային խաղաղապահներ, ՄԱԿ-ի խաղաղապահներ, այլ՝ ռուս խաղաղապահներ, և արդեն որ դա վտանգավոր է, ես այս աստիճան հոռետեսական սցենար չէի կարող պատկերացնել»:

Հետագա հնարավոր սցենարների մասին Սոսի Թաթիկյանն ասաց. - «Առաջին՝ որ իրենք ավելի շուտ դուրս գան, երկրորդ՝ որ դուրս գան 25 թվականին, ամեն դեպքում՝ մեծ չի դրա տարբերությունը՝ մեկ-երկու տարվա տարբերություն է, հարցը այն է, թե ինչ է լինելու հետո կամ նույնիսկ հիմա, որովհետև հիմա իրենք այնտեղ են, բայց չնայած դրան՝ իրենք չեն կարողանում ապահովել նույնիսկ տարրական ուտելիքի հարցը արցախահայության»:

«Ի՞նչ է լինելու, ծանոթ չե՞ք երեկ սպրդած Լավրովի նոր առաջարկներին», - այս հարցին միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետն արձագանքեց. - «Փաստորեն, այնտեղ փորձում են ազգային փոքրամասնության կարգավիճակ տալ հայերին՝ որոշակի իրավունքներով: Դա շատ ցածր աստիճան է, և դա չի կարող ընդունելի լինել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG