Ռուս խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու մի խումբ արցախցիների դիմումը։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը Լաչինի միջանցքի ապաշրջափակման քաղաքացիական նախաձեռնության անդամներին այսօր գրավոր պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։
«Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», - նշված է պատասխանում։
Արձագանքելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությանը, թե օգտվելով ավտոերթի պատրվակից՝ ռուսական զորակազմը խաղաղ երթի ժամանակ Հակարիի կամրջի անցակետի մոտ հնարավոր է ուժ կիրառի ադրբեջանական ուժերի նկատմամբ, խաղաղապահ զորակազմից հերքել են դա՝ ընդգծելով՝ բողոքի խաղաղ ակցիաները խաղաղապահ զորակազմի համար հիմք չեն որևէ ռազմական գործողության իրականացման համար։
Ռուսական խաղաղապահ զորակազմի այս պատասխանից հետո, ի՞նչ են պատրաստվում անել ավտոերթը նախաձեռնողները։ Արդյո՞ք առանց խաղաղապահ զորակազմի ուղեկցության, այնուամենայնիվ, կշարժվեն դեպի Հակարիի կամուրջ։ Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսպինյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռ հստակ որոշում չունեն։ Պետք է երթին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ քննարկեն, արդյո՞ք նրանք պատրաստ են առանց ռուսների ուղևորվել Հակարիի կամուրջ։
Ի դեպ, մինչ Հակարիի կամուրջ հասնելը ավոտերթի մասնակիցները պետք է նախ անցնեն Շուշիի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետը։
«Ճիշտն ասած մենք պատրաստ ենք, խոսքը կազմակերպիչների մասին է, նաև առանց ռուսների, բայց պատրաստ կլինի արդյոք հասարակությունը, սա մենք պետք է մի հատ մոնիտորինգ անենք, հասկանանք: Իսկ ռուսների հետ մենք մեր քայլերը պետք է մշակենք՝ ոնց ենք անում, որ ռուսներին հանենք ջրի երես: Փաստորեն, իրենք հրաժարվում են իրենց պարտականությունները կատարել, և այստեղ միջազգային խաղաղապահների ներգրավելն ավելի ապահով է դառնում: Սա էլ է մեր ուղղություններից մեկը, որ փոխարինենք ռուս խաղաղապահներին միջազգայինով, քանի որ իրանք, փաստորեն, միասին են դառնում թշնամու հետ մեկտեղ մեզ բլոկադայի ենթարկած», - ասաց Օսիպյանը:
«Ազատության դիտարկմանը, թե «իրենք ասում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ այդպիսի հստակ պարտավորություն չունեն», նախաձեռնող խմբի անդամն արձագանքեց. - «Նոյեմբերի 9-ով կա պարտավորվածություն, որ իրենք պետք է միջանցքի անվտանգությունն ապահովեն, հիմա մեկ ավտո է, թե 10 ավտո է ի՞նչ կապ ունի, ավտոերթ է, թե ինչ է, ինքը խաղաղ է, և իրենք պարտավոր են ապահովել անվտանգությունը: Սա ուղղակի իրենց կողմից աբսուրդնի մերժելու հիմք է»:
Իսկ եթե հանրությունը հրաժարվի՞ առանց խաղաղապահների ուղեկցության միանալ ավտոերթին, Օսիպյանն ասաց. - «Մենք մտածել ենք նույնիսկ մի քանի հոգով գնալ, բայց էդ մի քանի հոգով գնալը կարող է պատահի, այնտեղ եթե պրովոկացիա կամ բերման ենթարկելու հարց լինի, ավելի մեծ վախ մտցնենք հասարակության մեջ, քան դառնանք գործին օգուտ տված»:
Անցած ուրբաթ, մի խումբ արցախցիներ հավաքվել էին ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր՝ պահանաջելով, որպեսզի զորակազմի հրամանատար Լենցովը հստակ իրենց պատասխանի, արդյո՞ք ռուսները ապահովելու են իրենց անվտանգությունը նախատեսվող ավտոերթի ժամանակ։ Իվանյան հասած արցախցիներին ընդառաջ դուրս եկած զորակազմի ներկայացուցիչն առաջարկել էր հարցերը գրավոր ներկայացնել։
Չնայած այսօր գրավոր պատասխանում խաղաղապահ զորակազմը մերժել է ավտոերթի մասնակիցները անվտանգությունն ապահովել, միջանցքի ապաշրջափակման շարժման անդամները չեն պատրաստվում հրաժարվել իրենց նախաձեռնությունից։ Մի քանի տասնյակ ավտոբուսները այս պահին էլ շարունակում են կայանված մնալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։