Մատչելիության հղումներ

Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ հայկական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստից. «Միջազգային բարձր ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը», - այսօր Կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը անընդհատ և շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Առայժմ պարզ չէ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկվա քննարկումներից հետո բանաձև կամ հայտարարություն կընդունի Ղարաբաղի հարցով, թե՝ ոչ: Մինչ այդ, ըստ վարչապետի, հաջորդ դրական զարգացումն այն է, որ Անվտանգության խորհրդում հաստատվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը։

«Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել: Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է:

Չնայած երեկվա լսումներին՝ մոտ 400 տոննա հումանիտար բեռը դեռ Կոռնիձորում է, միջանցքն էլ փակ է։ Մի կողմից սնունդ չի մտնում Արցախ, մյուս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդիկ շարունակ հայտնվում են ադրբեջանական նշանակետում, նկատեց Փաշինյանը:

«Թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար։ Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում», - ընդգծեց վարչապետը։

Մինչ Հայաստանի վարչապետը համարում է, որ միջազգային բարձրագույն ատյանում հնչել է ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասին, և հիմա Արցախն Հայաստանին կապող միջանցքի բացումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանությունը կանխելուն ուղղված քայլ, Բաքուն իր հերթին հայտարարում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեփական շանտաժի համար օգտագործելու Հայաստանի հերթական փորձը ձախողվել է։ Այդ երկրի Արտգործնախարարությունը հայտարարել է, որ վճռական են՝ պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը, մինևնույն ժամանակ նաև ընդգծում են, թե Ադրբեջանը անկեղծորեն շահագրգռված է նպաստելու հարաբերությունների կարգավորմանը և հույս է հայտնում, որ «հարցի լուծման ճանապարհը կառուցողական փոխգործակցության, ինչպես նաև միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացումն է»։

Ընդդիմադիրները լավատես չեն երեկվա քննարկման դրական արդյունքների առումով

Հայաստանում ընդդիմադիրները լավատես չեն երեկվա քննարկման դրական արդյունքների առումով։

«Եթե Հայաստանի իշխանությունների նպատակը պտիչկա դնելն է, ասելը՝ տեսեք, մենք դիմեցինք և Անվտանգության խորհուրդը նիստ հրավիրեց ու որոշ երկրներ հաստատեցին, որ միջանցքը փակ է, այս առումով, իհարկե, որոշ երկրներ դրա մասին խոսեցին, բայց Ֆրանսիան էլ, Ռուսաստանն էլ , Շվեյցարիան էլ խոսել են դրա մասին նաև այս նիստից դուրս», - ասաց դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խաչատրյանը շարունակում է՝ եթե Հայաստանի իշխանությունների նպատակն էր հասնել միջնացքի ապաշրջափակմանը ու Արցախի ժողովրդից հեռացնել ցեղասպանության ռիսկը, ապա անցել է ավելի քան կես օր և որևէ արդյունք չկա։ Այս առումով Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն իրենց նպատակին չեն հասել։

«Ներքին լսարանի համար իրանք մի հատ շոու սարքեցին ճիշտ այնպես, ինչպես 19 բեռնատար Կոռնիձոր ուղարկելը, բայց բեռնատարները դեռևս Կոռնիձորում են, Կոռնիձորից այն կողմ ճանապարհը փակ է, որովհետև այս իշխանությունները ճիշտ չեն առաջնորդվում, դա է իմ ամբողջ ասածը: Խնդիրը քաղաքական է՝ քաղաքական խնդիրն ունի մարդասիրական դրսևորում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Մյուս կողմից Դաշնակցությունը համարում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ոչ հաճախ տրվող այս հնարավորությունը Հայաստանը պետք է օգտագործեր քաղաքական խնդիրներ լուծելու, ոչ թե դրա հետևանքը վերացնելու փորձի վրա, ըստ պատգամավորի՝ քաղաքական խնդիրը Արցախի կարգավիճակի հարցն է, ինչի անտեսումից էլ բխել է հումանիտար ճգնաժամը։

XS
SM
MD
LG