Մատչելիության հղումներ

Մարուքյանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից Հայաստանի ակնկալիքների մասին


Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Հայաստանի պահանջով: Այս թեմայի շուրջ «Ազատությունը» զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Երևանը մասնավորապես ի՞նչ է ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստից:

Մարուքյան. - Առաջին հերթին Լաչինի միջանցքի վերաբացման և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իմպլեմենտացիային է վերաբերում, որը նաև վերահաստատվել է ու առանձին արդեն ավելի բարձր իրավաբանական ուժով՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ է նաև պարտադրվել Ադրբեջանին փետրվար ամսին և վերահաստատվել հուլիս ամսին: Բայց մենք նաև այլ ակնկալիքներ ունենք ու կարող ենք ունենալ, որովհետև գիտեք, որ երկար ժամանակ է՝ մենք բարձրաձայնում ենք Ադրբեջանի կողմից տարածված ստերի վերաբերյալ, որ կարող է միջազգային փաստահավաք առաքելություն գալ տարածաշրջան և տեղում ծանոթանալ իրավիճակին, որ որևէ մեկը չկարողանա որևէ բան շահարկել: Դրան գումարած նաև ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակը կարող է միջամտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնարարությամբ, այսինքն գործիքակազմը շատ է:

Եկեք առաջ չընկնենք Անվտանգության խորհրդի նիստից: Խորհրդի նիստը բաց է լինելու այսօր ժամը 11-ին, Հայաստանը ներկայացել է ամենաբարձր մակարդակով, Արտաքին գործերի նախարար Միրզոյանը կներկայացնի մեր մոտեցումները, իրավիճակը, որից հետո կսկսվեն քննարկումներ: Այդ մասով կլինի բաց, նիստի ավարտից հետո արդեն կսկսվի փակ բանակցությունների փուլը, կտեսնենք ինչ կլինի: Ամեն դեպքում որևէ մեկը չի կարող կանխատեսել պետությունների դասավորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանը ամիսներ աշխատում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ու ոչ մշտական անդամների հետ հարցի վերաբերյալ: Նախկին երկու քննարկումները նույնպես կարելի է համարել աշխատանք, որովհետև արդեն որոշակի հենք կա քննարկումների՝ պետությունների նախնական դիրքորոշումներ կան: Միանշանակ պարզ է, որ այդ ուղղությամբ աշխատում է նաև Ադրբեջանը շատ բաց և շատ ագրեսիվ:

«Ազատություն». - Ավելին, պարոն Մարուքյան, այդ պետություններից շատերը շատ հասցեական, բաց, ուղիղ, ասել են, որ պետք է միջանցքը վերաբացվի, բայց երբ ես ասում էի ակնկալիք, նկատի ունեմ թղթին հանձնված ինչ-որ բան է սպասո՞ւմ Երևանը Անվտանգության խորհրդից. բանաձև, նախագահի հայտարարության:

Մարուքյան. - Ես չեմ կարող հիմա որևէ բան խոսել այդ մասով, բոլոր իմաստներով աշխատանքներ տարվում են: Եվ էլի պետք է գամ քաղաքական աքսիոմային, որ հնարավորինի արվեստ է, ինչ հնարավոր լինի, այդ արդյունքը կստանանք: Դա կախված է դասավորություններից: Ըստ էության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատարան չէ, որ դու փաստերով ուժեղ լինես և դատարանը որոշի քո կողմը, դա մարմին է, բաղկացած է պետություններից, պետությունները առաջնորդվում են իրենց շահերով ու քաղաքական որոշումներ են կայացնում: Մենք դատարանում ունենք որոշում, որովհետև փաստերը մեր կողմն են, կա որոշում, բայց այդ որոշումն ի կատար չի ածվում, որովհետև քաղաքական լծակներն այդ ուղղությամբ բավականաչափ չեն գործել: Հայտարարությունները մի բան են, օրինակ, մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանը պետք է վերաբացի Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտի, առևտրի, հումանիտար բեռների համար, բայց երբ որ բանը հասնում է գործողություններին, որ պետք է լինի, օրինակ, քվեարկություն, քվեարկությամբ որևէ բանաձև ընդունվի, այդ հայտարարությունն այլևս, որ պետք է դառնա պարտադիր ուժ կարող որևէ բան, դժվարանում է, որովհետև պետությունները սկսում են նաև երկկողմ շահերն իրենց դիտարկել:

«Ազատություն». - Բայրամով-Լավրով երեկվա հեռախոսազրույցից հետո Մոսկվան հայտարարել է, թե եռակողմ համաձայնությունների կատարման ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերն արդյունավետ չեն: Սա ակնարկ չէ՞ այսօր սպասվող քննարկման մասին:

Մարուքյան. - Ռուսաստանը որպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ, այսինքն, փաստաթղթի տերերից մեկը և երաշխավոր, պետք է գործառույթներ կատարի, որպեսզի Լաչինի միջանցքը վերագործարկվի: Շատ պարզ հարց է, կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ եռակողմ ստորագրված, դրանից հետո Հայաստանը երկկողմ մակարդակում Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Այն ունի քաղաքական, իրավական պարտադիր ուժ, և այդ փաստաթղթի կիրարկման արդյունքում այս խնդիրներն ուղղակի չեն լինի: ի՞նչ է նշանակում հումանիտար բոլոր ճանապարհները բացել, մի ճանապարհ է որոշվել, որը միջանցք է ճանապարհի իմաստով, դա Լաչինի միջանցքն է:

«Ազատություն». - Երևանը չունի՞ մտավախություն, որ Ռուսաստանը վետո կդնի շրջանառվող որևէ թղթի վրա այն պատճառաբանությամբ, որ կա նոյեմբերի 9-ը, մենք ենք այնտեղ և երրորդ միջամտության կարիք չկա:

Մարուքյան. - Ես չէր շտապի, որովհետև վետո դնում են այն ժամանակ, երբ որ հստակ բանաձևի նախագիծ կա և այն պետք է քվեարկել:

«Ազատություն». - Պարզ է, որ նաև Անվտանգության խորհրդի նիստում է Ադրբեջանի հիմնական փաստարկը լինելու, որ ի՞նչ հումանիտար ճգնաժամ, եթե կա Աղդամի ճանապարհը, օգտվեք այդտեղից:

Մարուքյան. - Եթե նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մեր խոսույթին, մենք ասում ենք՝ մարդու կողմից ձևավորված, սա տեխնոգեն աղետ չի, ինչ-որ հրաբուխ չի եկել ճանապարհը փակել, սա պլանավորված, քաղաքական, ստրատեգիական գործողություն է արվում, որը միտված է Լեռնային Ղարաբաղը տանել էթնիկ զտման:

Հայաստանը բանակցային գործընթացից դուրս չի եկել

«Ազատություն». - Դուք հայտնել եք, որ սեպտեմբերին է խաղաղության պայմանագրի բանակցությունների [հաջորդ փուլը]:

Մարուքյան. - Ես հույս եմ հայտնել, ես ասել եմ՝ հույս ունեմ, որ... որովհետև Հայաստանը դուրս չի եկել խաղաղության գործընթացից, պայմանագրի նախագծի վրա աշխատանքները շարունակվում են, ես հույս եմ հայտնել, որ...

«Ազատություն». - Այսինքն՝ հստակ պայմանավորվածություն չկա սեպտեմբերյան հանդիպման մասին:

Մարուքյան. - Ոչ, ես ասել եմ, որ հույս ունեմ, որ սեպտեմբերին կշարունակվի:

«Ազատություն». - Ինչո՞ւ հենց սեպտեմբերին, ինչ-որ առաջա՞րկ կա հանդիպման, բանակցությունների:

Մարուքյան. - Հիմա օգոստոսին չունենք պայմանավորվածություն, բայց սեպտեմբերին կարող է ունենանք:

«Ազատություն». - Այսինքն՝ որևէ պայմանավորվածությո՞ւն, առաջա՞րկ կա:

Մարուքյան. - Չէ, պրոցեսը այդպես էր, նախնական, այսինքն՝ մինչև այս վերջին սրացումները մեր ընկալումն այն էր, որ սեպտեմբերին շարունակվելու է, և ես հույս ունեմ, որ կշարունակվի, դա եմ ասել: Նաև սա շատ կարևոր է ինչի համար՝ որովհետև անդադար, նաև Բայրամովի հայտարարության մեջ կա սա, ադրբեջանական մամուլում կա, որ, ահա, Հայաստանը քանի որ դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ուրեմն դուրս են գալիս բանակցային գործընթացից, դե եթե դուրս եք գալիս, դե հիմա կտեսնեք, չգիտեմ ինչ, այսինքն՝ սա էլ պրոպագանդայի մաս է: Եվ մենք ասում ենք, որ Հայաստանը դուրս չի եկել, գործընթացը շարունակվում է խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքի, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերից կսկսվեն նորից հանդիպումները:

Եթե Լաչինի միջանցքը գործում է, կարող են որոշել, որ ուրիշ ճանապարհներ էլ բացվեն

«Ազատություն». - Իսկ Ստեփանակերտ - Բաքու երկխոսության, նոր հանդիպման ինչ-որ առաջարկ, պայմանավորվածություն կա՞:

Մարուքյան. - Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այդ մասով էլ դուռը փակված չէ, բայց շատ կարևոր է միջազգային մեխանիզմի հանգամանքը: Ես հույս ունեմ և կարծում եմ, որ այդ ուղղությամբ էլ դուռը փակ չի, և այդ հնարավորություններն էլ կան: Վերջին հաշվով՝ իրենք իրար հետ կնստեն, կքննակեն, կորոշեն, որ բացի Լաչինի միջանցքից, որը պարտադիր պետք է բացվի, ուրիշ ճանապարհներ ուզում ե՞ն բացվեն, թե՞ ոչ: Եթե Լաչինի միջանցքը գործում է, կարան որոշեն, որ ուրիշ ճանապարհներ էլ բացվեն, ի՞նչ է եղել: Եթե գնում ենք խաղաղության գործընթացի, եթե լինելու է խաղաղություն, եթե պետք է այդ հարևանությամբ մենք ապրենք, եթե պետք է անվտանգության երաշխիքները լինեն, իրավունքներն ապահովվեն, բա ճանապարհներն էլ պետք է բացվեն, բա ի՞նչ պետք է անեն: Պետք է բացվի, պետք է շփվեն, պետք է հարաբերություններ լինեն, այդ ամեն ինչը պետք է լինի: Բայց դա տեսլական է: Այդ ուղղությամբ աշխատանք մենք տանում ենք, բայց ինչպես ասում են՝ տանգոն պար է, որը միայնակ չես կարող պարել՝ պիտի այն կողմից էլ հետդ պարող լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG