Մատչելիության հղումներ

Նվազագույն ակնկալիքը պետք է լինի ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկման մասին բանաձևի ընդունումը. քաղաքական մեկնաբան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը նախատեսվում է օրվա երկրորդ կեսին։

Հայաստանի դիմումի հիման վրա կայանալիք հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, դրան մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։

Պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում կոչ էր արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։

Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ նվազագույնը, որ պետք է ակնկալել հրատապ նիստից, այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակն արձանագրելու համար։ Քանի որ, ըստ Քոչինյանի, պարզ է՝ Ադրբեջանը կրկին պնդելու է, թե շրջափակում չկա և ամեն ինչ նորմալ է։

«Այսինքն, նվազագույնը, ինչ մենք պետք է ակնկալենք և որ ուղղությամբ որ պետք է որ տնային աշխատանքը մինչ այս տարված լիներ, դա այդ փաստահավաք առաքելության ուղարկման մասին բանաձևն է: Իսկ առավելագույնը, բնականաբար, դա բանաձևն է, որը որ կպարտադրի Ադրբեջանին բացելու Լաչինի միջանցքը, դադարեցնելու Արցախի շրջափակումը», - ասաց մեկնաբանը:

Երկու պարագայում էլ, ընդգծեց Քոչինյանը, «մի ահռելի մասը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք նախապատրաստվել, ինչ տնային աշխատանք ենք մենք արել»: «Ընդ որում՝ ինչպես ենք նախապատրաստվել ինչպես Խորհրդի մշտական անդամների հետ՝ այդ մեծ հնգյակի, այնպես էլ ժամանակավոր անդամների հետ, որովհետև կարող է լինել իրավիճակ, որ հնգյակից և ոչ մեկը վետո չդնի, բայց փոքր պետությունները մեծամասնությամբ դեմ քվեարկեն», - նշեց քաղաքական մեկնաբանը՝ ամփոփելով. - «Այսինքն, ամբողջ հիմա հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է պատրաստվել Հայաստանը այս դիմումից առաջ»:

Անձամբ իր ակնկալիքների մասին հարցին՝ «հնարավո՞ր է իսկապես իրավիճակ փոխող արդյունք ունենանք», Արեգ Քոչինյանն արձագանքեց. - «Ես, ճիշտն ասած, չեմ հավատում մեկ օրում կամ մեկ ժամում իրավիճակ փոխող նախաձեռնությունների, զարգացումների, բայց սա կարող է դառնալ կարևոր հանգրվան իրավիճակի փոփոխման ճանապարհին: Եթե, կրկնում եմ, տնային աշխատանքը լավ է արվել»:

Պարզ չէ՝ արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքի բացման հարցով հենց այսօր որոշում կկայացնի։ Ըստ ընթացակարգի պարտադիր չէ, որ ընդունվելիք հայտարարությունը կամ բանաձևը հրապարակվի հենց հարցի քննարկման օրը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG