Մատչելիության հղումներ

Ճանապարհային անվտանգությունը համակարգային խնդիր է և համակարգային լուծում է պահանջում. Լևոն Բարսեղյան


Վթարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին, 14-ը օգոստոսի, 2023թ.
Վթարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին, 14-ը օգոստոսի, 2023թ.

Հայաստանում ճանապարհային անվտանգությունը համակարգային լուծում է պահանջում, կարծում է «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որ տարիներ շարունակ ուսումնասիրում է խնդիրը:

Երեկ հայտնի դարձավ Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգության մասին. բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 11 հոգի զոհվել է, 6 -ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցներում են:

Բարսեղյանն ասում է՝ սա պատահականության արդյունք չէ, այլ՝ համակարգային խնդիր, որին այդպես էլ լուծում չի տրվում:

«Ճանապարհային անվտանգության խնդիրը կամ երթևեկության անվտանգության խնդիրը պետության համակարգային խնդիրներից մեկն է: Մենք ունենք փաստացի պատերազմներ ճանապարհներին: Վերջին վեց տարիների ընթացքում 321-ից 354 զոհ ճանապարհներին, մոտավորապես 12-ապատիկ՝ մարմնական վնասվածք, վիրավորում ստացած մարդիկ՝ սա համակարգային խնդիր է, սա ինչ-որ մի գործոնով պատահական տեղի ունեցող բան չէ: Ամեն տարի տեղի են ունենում այսպիսի խոշոր վթարներ, և պետությունը պիտի համակարգային լուծում տա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

Նրա կարծիքով՝ պրոբլեմն այնտեղ է, որ «պետությունը կետային լուծումներով է փորձում խնդիրը կարգավորել». - «Դա մոտավորապես նույնն է, որ վերք բացվի մարդու մարմնի ինչ-որ մի տեղի վրա, այդ մարդը յոդը քսի և լեյկոպլաստիրը փակցնի վրան, հետո՝ մյուս մատը, հետո՝ մյուս մատը, մինչև գանգրենան այդ մարմինը ուտի»:

Համակարգային լուծումը, ըստ Բարսեղյանի, հետևյալն է. - «Պետությունը իր ձեռքում եղած բոլոր տեղեկությունները խորքային և համապարփակ վերլուծության պիտի ենթարկի՝ տեղական և հրավիրված մասնագետների միջոցով, կարիքների գնահատում է անում, լուծումներ որոնելիս անպայման օգտագործում է աշխարհի լավագույն փորձը»:

«Եվ մեր երկրում քանի՞ անգամ է Ճանապարհային ոստիկանությունը փորձել վարորդական համայնքին լսել: Ես չեմ հիշում դեպք, որ Ճանապարհային ոստիկանության մասնագետները գնան մարզեր, համայնքներ, հրավիրեն վարորդներին, ասեն՝ «ժողովուրդ, ի՞նչ անենք, որ էս փորձանքոտ խաչմերուկի հախից գանք, մենք մեր գիտելիքներն ունենք, բայց մի հատ ուզում ենք ձեզ լսել», - նշեց Լևոն Բարսեղյանը:

Ըստ նրա՝ խորհրդարանը պետք է ոլորտի պատասխանատուներին հրավիրի Ազգային ժողով և պահանջի լուծումներ ներկայացնել ու հետևողականորեն դրանք իրագործել:

«Ես պատգամավորներ գիտեմ, որոնց թվում է, թե իրենց առաքելությունը՝ Ճանապարհային ոստիկանությանը ցույց տա, թե որտեղ պիտի նշագծում արվի: Ազգային ժողովը դեռ չի հասկացել, որ ինքը օրենսդիր է», - նշեց Բարսեղյանը՝ շարունակելով. - «Օրինակ, եթե ես լինեի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի անդամ կամ պատգամավոր, կհրավիրեի ԱԺ Ճանապարհային ոստիկանության և Ներքին գործերի նախարարության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին, կասեի. - «Երեք ամսից մեզ ներկայացնում եք ռազմավարություն, ըստ որի՝ երեք տարի հետո Հայաստանում ճանապարհային մահերը նվազում են 30 տոկոսով, հինգ տարուց նվազում են 50 տոկոսով, յոթ տարուց՝ 70 տոկոսով: Փող է պետք՝ ահա ձեզ փող, մասնագետ է պետք՝ այստեղ են այս մասնագետները, գնացեք ճարեք՝ ներսում սրանք են, դրսում նրանք են, էս էդ երկրների ցուցակը, ցտեսություն: Երեք ամսից չեկավ՝ դուք պատասխանատվության եք ենթարկվելու, կա՛մ գնում եք տուն, կա՛մ երեք ամսից բերում ենք ռազմավարություն, հետո սկսում եք հետևողականորեն կատարել էդ անտերը»:

«Էնքան ասելիք ունեմ էս մասին՝ գրքեր կարող եմ գրել ես, էս զայրույթը անհնար է զսպել, էս ամբողջը հնարավոր չէ կուլ տալ, էլի, կյանքերս գնաց, էս հասարակ բաները ինչքա՞ն կարելի է չանել, ո՞վ չի թողնում սա», - ասաց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

XS
SM
MD
LG