Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս երեխաներից մեկը ևս գիտակցության չգալով մահացել է:
Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ, փոխանցում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Օրեր առաջ բժշկական կենտրոնը հաղորդել էր ևս մեկ երեխայի մահվան մասին։
Մյուս երկու վիրավորները, ըստ «Սուրբ Աստվածամայրի», վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Մայիսի 27-ին երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով, ճանապարհին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները բախվել էին, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ երեխաներից մեկի հայրը, տեղում մահացել էր։ Ըստ նախնական տվյալների, «ՎԱԶ 2106» -ում 7 մարդ է եղել։
Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։