Միջազգային դերակատարները բոլորն էլ համաձայն են, որ Լաչինի միջանցքով բեռնափոխադրումները պետք է վերականգնվեն, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե որքա՞ն բարձր են հնարավորությունները, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդիմի կոնկրետ քայլերի, ինչպիսի՞ քայլեր կարող ենք ակնկալել, քաղաքագետը նշեց. - «Կարևոր է հասկանալ, թե մենք ինչ ենք ակնկալում և ինչպիսին կարող են լինել ռեալ որոշումները: Ինչքանով ես եմ պատկերացնում, այն, որ Լաչինի միջանցքով բեռնափոխադրումերը պետք է վերականգնվեն, դրանում բոլոր միջազգային խաղացողները կամ դերակատարները, որոնք ընդգրկված են Հարավային Կովկասում և ներգրավված են տարբեր գործընթացներում, համաձայն են, որ՝ այո, Լաչինի միջանցքով բեռնափոխադրումները պետք է վերսկսվեն»:
Սակայն, ըստ Պողոսյանի, կա նաև երկրորդ հարցը՝ «իսկ ի՞նչ պետք է լինի այլ ուղղությամբ բեռնափոխադրումների հետ»:
«Գիտենք, որ Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշում գաղափար, որ Լեռնային Ղարաբաղ կարող են բեռնափոխադրումներ իրականացնել նաև այլ ճանապարհներով, մասնավորապես, նկատի ունեմ Ադրբեջանի այլ տարածքով: Այստեղ է հիմնական խնդիրը, որովհետև եթե միջազգային հարությունը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը եկել է այն եզրահանգման, որ ի վերջո այս հակամարտությունը պետք է լուծվի 1991 թվականի Խորհրդային Ադրբեջանի սահմանների շրջանակում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ինչքան էլ շատերս, այդ թվում նաև ես պնդում եմ, որ երբ Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրվել է 91 թվականի դեկտեմբերին, արդեն հռչակվել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եղել է հանրաքվե 91 թվականի դեկտեմբերի 10-ին, բայց կարծես թե այս պահի դրությամբ միջազգային հանրության ընկալումն այնպիսին է, ներառյալ Հայաստանի Հանրապետության, որ ի վերջո այս հակամարտությունը պետք է լուծվի այնպես, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, սակայն հայերն այնտեղ ունենա ապահովություն, իրավունքներ և այլն: Եթե միջազգային դերակատարները, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, գտնում են, որ ի վերջո հարցը պետք է լուծվի այս տրամաբանության շրջանակներում, ապա շատ բարդ է ակնկալել, որ նույն միջազգային դերակատարները կպնդեն, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքից որևէ բեռնափոխադրում իրականացվել չի կարող, որովհետև վերջին հաշվով եթե X տարածքը, անվանենք մարզ, չնայած Ղարաբաղի պարագայում նույնիսկ կարգավիճակի կամ վարչատարածքային միավորի հարց չի դրվում, մենք խոսում ենք բացառապես իրավունքների մասին և մարդիկ, ովքեր կունենան Ադրբեջանի անձնագիր, բայց պետք է ունենա իրավունք...: Պնդել, որ այդ տարածք Ադրբեջանի որևէ բեռնափոխադրում չպետք է իրականացվի ոչ հիմա, ոչ էլ ապագայում, բավականաչափ բարդ է լինելու», - ընդգծեց Բենիամին Պողոսյանը:
Քաղաքագետի կարծիքով, միջազգային դերակատարները առաջ կշարժվեն այն ձևաչափով, «որ բեռնափոխադրումներ, մարդկանց փոխադրումներ Լաչինի միջանցքով պետք է իրականացվեն, սակայն ի վերջո, պետք է իրականացվեն բեռնափոխադրումներ Ադրբեջանի այլ տարածքով»:
«Այստեղ խնդիրն այն է՝ որ՝ այո, միանշանակ, Լաչինի միջանցքով բեռնափոխադրումներ, մարդկանց փոխադրումներ, այդ գործընթացը պետք է վերականգնվի: Չեմ կարծում, որ որևէ մեկը կպահանջի Ադրբեջանից, որպեսզի ինքը հեռացնի իր անցակետը, որովհետև վերջին հաշվով, այո, եթե դա Լեռնային Ղարաբաղինն է, Լաչինի շրջանը բոլորը ճանաչում են Ադրբեջանի մաս, ապա բնականաբար Ադրբեջանն իրավունք ունի հայ-ադրբեջանական սահմանին տեղադրել անցակետ: Այս տրամաբանության շրջանակում եմ ասում: Ի վերջո նաև Ադրբեջանը կարող է ասել՝ գիտեք ինչ կա, եթե այս տարածքն իմ երկրի մի մաս է, ապա ինչո՞ւ ներպետական բեռնափոխադրումներ չեն կարող իրականանալ, հետևաբար, իմ տրամաբանությամբ, երևի թե միջազգային դերակատարները առաջ կգնան այս ձևաչափով, որ՝ այո, բեռնափոխադրումներ, մարդկանց փոխադրումներ Լաչինի միջանցքով պետք է իրականացվեն, սակայն ի վերջո, պետք է իրականացվեն բեռնափոխադրումներ Ադրբեջանի այլ տարածքով», - ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը պնդեց՝ քանի դեռ որևէ մեկի կողմից չի արվել հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է, Ադրբեջանի մաս չի ճանաչվում, անհնար է պնդել, որ ԼՂ Ադրբեջանի որևէ տարածքից որևէ բեռնափոխադրում չպետք է իրականացվի ո՛չ հիմա, ո՛չ հետագայում: