Մատչելիության հղումներ

Եվրոպացի օրենսդիրները կոչ են անում Բաքվին անհապաղ բացել Լաչինի միջանցքը


Մարինա Կալյուրանդն «Ազատության» գրասենյակում, արխիվ
Մարինա Կալյուրանդն «Ազատության» գրասենյակում, արխիվ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր կացության հարցով այսօր համատեղ հայտարարություն են տարածել Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն:

Եվրոպացի օրենսդիրները խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական վիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ: Նրանք նշում են, որ Ադրբեջանի այդ գործելակերպը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված, ապա հուլիսի 6-ին վերահաստատված իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշմանը:

Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները կանգնած են լուրջ մարդասիրական խնդրի առաջ:

Ուղերձի երեք հեղինակները նշում են, որ լիովին աջակցում են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը և դատապարտում են մարդասիրական մատակարարումների շարունակական շրջափակումը:

Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն ընդգծում են, որ Աղդամի ճանապարհով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկն առանձին հանգամանք է, ուստի Լաչինի միջանցքի հետ կապված պարտավորությունները պետք է հարգվեն։ Պարտադիր պետք է թույլ տալ մարդասիրական օգնության փոխադրումը, և այն խոչընդոտելը համարվում է միջազգային մարդասիրական օրենքի խախտում: Լրացուցիչ ուղիների բացումը խրախուսելի է, սակայն դա առանձին խնդիր է, որը պետք է փոխադարձաբար համաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ բանակցությունների միջոցով:

«Մենք լիովին աջակցում ենք տասնամյակներ շարունակվող հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին: 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած վերջին հանդիպմանը երկու կողմերը պայմանավորվել են դյուրացնել մարդասիրական օգնության հասանելիությունը տարածաշրջան՝ մարդկային տառապանքը մեղմելու նպատակով: Ցավոք, շարունակվող շրջափակումը հակասում է խաղաղ բանակցությունների նպատակին և այդքան անհրաժեշտ վստահության ամրապնդման ջանքերին», - նշում են երեք օրենսդիրները:

Նրանք հիշեցնում են Եվրախորհրդարանի 2023 մարտի 15-ի կոչը Խորհրդին այն մասին, որ արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարելու դեպքում թիրախավորված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաներինկատմամբ:

«Հիշում ենք նաև Եվրոպական խորհրդարանի 2023 թվականի հունիսի 13-ի լիագումար նիստը, որի ընթացքում ԵՄ բարձր ներկայացուցիչը
պարտավորվել է Խորհրդում արծարծել նման պատժամիջոցների կիրառման տարբերակը»,- նշել են եվրոպացի երեք օրենսդիրները:

Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն կրկնել են կոչը Բաքվին՝ անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հավատարիմ մնալ միջազգային նորմերին ու պարտավորություններին՝ հումանիտար աղետը կանխելու համար:

XS
SM
MD
LG