Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել են ուկրաինական բնակավայրերը. ուկրաինական ԱԹՍ-ներն էլ հասել են Մոսկվայի էլիտար թաղամաս


Ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը, այսօր առավոտյան կրկին հրթիռակոծվել է Կռիվոյ Ռոգ քաղաքը։ Հրթիռներից մեկը հարվածել է ուսանողական շենքի, մյուսը՝ բնակելիի, նախնական տվյալներով՝ չորս հոգի զոհվել է, քառասունից ավելի՝ վիրավորվել։ Զոհերի մեջ է տասնամյա մի աղջիկ։

Հրթիռները հարվածել են նաև Սումո և Խարկով քաղաքներին, կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։

Միաժամանակ, Մոսկվան հանգստյան օրերին կրկին անօդաչուների հարձակումների է ենթարկվել, ընդ որում այս անգամ անօդաչուները հասել են էլիտար «Մոսկվա սիթի» թաղամաս։ Շքեղ շենքերից մեկում անօդաչուների հարվածից հետո վնասվել են պատուհաններ։ Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումից հետո կարճ ժամանակով փակվել էր «Վնուկովո» օդանավակայանը։

Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները երկու երկրների միջև պատերազմի «անխուսափելի, բնական և բացարձակապես արդար գործընթաց են», երեկ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր այսպես կոչված՝ «հատուկ ռազմական գործողության» 522-րդ օրն է: Ռուսաստանի ղեկավարությունն ակնկալում էր, որ այն կտևի մեկ-երկու շաբաթ։ Ուկրաինան ուժեղանում է. աստիճանաբար պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք՝ նրա խորհրդանշական կենտրոններն ու ռազմակայաններ, և սա անխուսափելի, բնական և միանգամայն արդար գործընթաց է», - ասել է նա։

Կրեմլը «հուսահատության ակտեր» է անվանել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա։ Ճեպազրույցում այդ մասին նշել է Պուտինի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով կիրակի օրը Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումը և Վլադիմիր Զելենսկու խոսքերը, թե «պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք»։

«Կիևի ռեժիմը հաջողություններ չունի։ Ավելին, Կիևի ռեժիմը գտնվում է շատ ու շատ ծանր վիճակում։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Ակնհայտ է, որ հակահարձակումը չի ստացվում այնպես, ինչպես նախատեսված էր», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ բազմամիլիարդանոց ռեսուրսները, որոնք ՆԱՏՕ-ի երկրները փոխանցել են Կիևին, իրականում ծախսվում են անարդյունավետ, աննպատակ, և դա նաև մեծ հարցեր է առաջացնում արևմտյան մայրաքաղաքներում և մեծ անհանգստություն արևմտյան երկրների հարկատուների մոտ:

Մինչ այդ, վերջին օրերին հարվածների տակ են նաև Բրյանսկի և Ռոստովի մարզերը։

Ու թեև ռուսական ՀՕՊ- ին դեռևս հաջողվում է մինիմալիզացնել այդ հարվածների վնասները, բրիտանական հետախուզությունը իր զեկույցում նշում է՝ Ռուսաստանը չի կարողանում բնակչությանը պաշտպանել պատերազմից։ Ըստ բրիտանական ռազմական հետախուզության՝ պատերազմ ուղարկվելու մեծացող հավանականությունը, անօդաչու սարքերի հարձակումները Մոսկվայի վրա, ներքին ռեպրեսիաների աննախադեպ մակարդակը և «Վագների» վերջին խռովությունն ընդգծում են պետության անկարողությունը բնակչությանը պատերազմից պաշտպանելու հարցում:

Երեկ մինչ Մոսկվայում նորոգում էին «Մոսկվա սիթիի» շենքերից մեկը, անօդաչուից վնասված պատուհանները, Սանկտ Պետերբուրգում մեծ ճոխությամբ կազմակերպել էին ռազմածովային նավատորմի շքերթ։

Իրավիճակը ռազմի դաշտում էապես չի փոխվել, ուկրաինացիները փորձում են առաջ գնալ հարավում։ Ուկրաինական կողմը այսօր հրապարակել է Սիվաշ ծովածոցի վրայով վնասված երկաթուղային կամրջի լուսանկարը։ Կամուրջը կապում է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը Չոնգար թերակղզու և մայրցամաքային Ուկրաինայի հետ: Ռուսները կամուրջը վնասելու մասին տեղեկությունը հերքում են։

Ռուսական կողմն էլ արևելքում է փորձում առաջ գնալ, կատաղի մարտերը բոլոր ուղղություններով շարունակվում են։ Չդադարող ռմբակոծությունների, կատաղի մարտերի ֆոնին, Սաուդյան Արաբիայում մի քանի օրից պետք է կայանան ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ միջազգային բանակցություններ, ընդ որում, առանց Ռուսաստանի։

Բանակցությունների մասին տեղեկությունը երեկ հաստատել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Օգոստոսի 5-ից 6-ը նախատեսված բանակցություններին հրավիրված են 30 երկրներ։ Արդեն հաստատվել է Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչների մասնակցությունը։ Հրավիրված են նաև Ինդոնեզիան, Եգիպտոսը, Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Թուրքիան, Չիլին և Զամբիան։ Չի բացառվում նաև Չինաստանի մասնակցությունը։ Օրակարգում է նախապատրաստել գագաթնաժողով, որի ժամանակ մասնակցող երկրները կընդունեն այն հիմնական սկզբունքները, որոնք ապագայում հիմք կդառնան ռուս-ուկրաինական բանակցությունների համար, թեև Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների վերսկսումն այսօր փորձագետները անհնար են համարում։

Ռուսաստանի նախագահը օրերս կրկին շեշտել էր, որ Մոսկվայի համար սկզբունքային է հարևան երկրի չեզոք կարգավիճակը՝ հորդորելով նաև հաշվի առնել «տեղում ձևավորվող» իրողությունները։ Պաշտոնական Կիևը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում է, թե Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պայմանը ռուսական զորքերը Ուկրաինայի 1991 թվականի սահմաններից դուրս բերելն է, այսինքն՝ նաև Ղրիմից և Դոնբասից, և որ հնարավոր կարգավորումը պետք է հիմնված լինի Կիևի «խաղաղության բանաձևի» վրա։

XS
SM
MD
LG