Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ միջազգային ներգրավվածության և հստակ երաշխիքների ապահովմամբ։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
Հայաստանի դեսպանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա, ասված է Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Պապիկյանը մասնավորապես ընդգծել է, որ հունիսի 15-ից շարունակվող Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարդասիրական մատակարարումների խափանումը, հանգեցրել են սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական աղետալի իրավիճակ։
«ՀՀ առաքելության ղեկավարը շետել է Արցախի 120 000 ժողովրդի անհատական և կոլեկտիվ հիմնարար իրավուքնների համատարած խախտումների առնչությամբ ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների կողմից համապատասխան անհրաժեշտ քայլերի կարևորությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և նրա իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ստիպելու կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով սահմանված պարտավորությունները», - ասված է հաղորդագրությունում: