Մատչելիության հղումներ

ԼՂ հայերի իրավունքների հիմնախնդիրը չի կարող փոխկապակցվել ժամանակին Հայաստանում բնակված ադրբեջանցիների հարցի հետ. ԱԳՆ


Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը չի կարող փոխկապակցվել այլ, այդ թվում, ինչպես ձևակերպել էր Ռուսաստանի արտգործնախարարը, Հայաստանում «բնակվող քաղաքացիների» իրավունքների հարցի հետ։ Ըստ էության, չհերքելով բուն քննարկման փաստը, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը», - ընդգծել է արտգործնախարարը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում նախօրեին կայացած եռակողմ բանակցություններից հետո Սերգեյ Լավրովի խոսքից տպավորություն էր ստեղծվել, թե Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում դիտարկվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում։

«Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է համանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը, ըստ էության արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները:

«Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին», - ընդգծել է Միրզոյանը:

Երեկ էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր պնդել, թե բանակցությունների սեղանին ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման չկա, բայց և չէր բացառել, որ կարող է այդ թեման ևս հետագայում քննարկվել, այս դեպքում՝ Բաքվից, Սումգայիթից ու այլ քաղաքներից ջարդերի ընթացքում տեղահանված հայերի հարցի հետ միասին։

«Երբ որ պահը գա, որ այդ հարցը բացեն, առաջնային հարցը հետևյալն է, որ կան փախստականներ Ադրբեջանից, և եթե կան փախստականներ կամ այդ ժամանակ Հայաստանից գնացած ադրբեջանցիներ, դրանք են իրար հավասար, բայց Լեռնային Ղարաբաղը դրա հետ կապ չունի: Ադրբեջանն ի՞նչ է ուզում անի, ուզում է Լեռնային Ղարաբաղը բերի դրան հավասարեցնի, որը չի ստացվում, որովհետև ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր», - ընդգծել է Մարուքյանը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ նման տեքստերը սովորաբար կողմերի հետ համաձայնեցվում են, և հայկական պատվիրակությունը չէր կարող չիմանալ դրա մասին։ Կարծում է՝ Երևանի անգործության հետևանքով է նման ձևակերպում հայտնվել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարության տեքստում։

«Մեծ հաշվով այդ ամենը տեղի էր ունենում նաև նախորդ հանդիպումների ընթացքում, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բրյուսելում, սակայն այստեղ ամենախնդրահարույց պահն, իհարկե, այն է, որ այդ կետը ի վերջո հայտնվեց հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ, տվյալ պարագայում արտգործնախարար Լավրովի հայտարարության մեջ: Եվ այստեղ գործ ունենք պարզապես հայկական դիվանագիտության ոչ կոմպետենտության հետ», - ասաց քաղաքագետը:

Գրիգորյանը Ռուսաստանի արտգործանախարի ձևակերպումը հայաստանյան դիվանգիտության հերթական պարտությունն է որակում։ Դա համեմատում բրյուսելյան հանդիման հայտարարությունում տեղ գտած մեկ այլ ձևակերպման հետ։

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցող Շառլ Միշելը Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունից խոսելուց բացի, նաև կարևոր էր համարել Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Փաշինյանն էլ ավելի ուշ հայտարարել, որ ինքը նման հարց չի քննարկել՝ պնդելով, թե նման մանդատ չունի։

«Այս հարցը բոլոր բանակցությունների ընթացքում Ադրբեջանը բարձրացնում է, այստեղ խնդիրն այն է, որ հայական կողմի անգործության պատճառով այդ ձևակերպումը հայտնվել է հայտարարության տեքստի մեջ», - ասաց քաղաքագետը:

Մինչ Երևանը վստահեցնում է, որ Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանիների ու Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը չի դիտարկում նույն հարթության մեջ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը այսօր կրկին հայտարարություն է տարածել, որում դարձյալ կոչ է անում Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռելու իրենց վերադարձի համար և այդ նպատակով երկխոսության սկսել իրենց հետ։

Ադրբեջանի իշխանությունների, անձամբ նախագահ Ալիևի հովանավորչությունն ու անվերապահ աջակցությունը վայելող կազմակերպությունը հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած առաջնորդների բանակցություններից հետո պնդել էր, թե իրենց՝ Հայաստան վերադարձի հարցը նաև Բրյուսելում է քննարկվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG