«Եթե խաղաղության պայմանագրում արցախյան խնդրի ու դրա միջազգայնորեն ամրագրված կարգավորման մասին արձանագրում չլինի, դա կլինի հայկական դիվանագիտության պարտությունը», - կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է նաև չլինել։
Ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում էր, իր կարծիքով, Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, նրանք պետք է բանակցեն, ու Հայաստանը առաջ է մղում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գաղափարը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
«Ընդհանրապես մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին, այսինքն, համապարփակ լուծում, թե՞ այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, որոշում չունենք», - նշեց վարչապետը:
Հարցին՝ եթե հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ չնշվի Լեռնային Ղարաբաղի մասին, արդյո՞ք չի ստացվի, որ հարցն, ըստ էության, չի լուծվում, վարչապետ Փաշինյանը արձագանքեց. - «Եթե Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը կայանա, այդ համատեքստում կարող է դա լինի հնարավորություն, կարող է լինել, ես չեմ ասում, որ այդպես կլինի, կամ դա ճիշտ է։
Պրոբլեմը նա է, որ հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված խաղաղության պայմանագրում կլինի ձևակերպում, որի հետ համաձայն կլինի և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը շատ քիչ է։ Եթե այդ հավանականությունը շատ քիչ չլիներ, մինչև հիմա խաղաղությունը մի քանի անգամ հաստատված կլիներ»։
Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց. - «Շատ կարևոր է, որպեսզի լինի խաղաղության պայմանագրի մեջ, որովհետև այստեղ մենք գործ ունենք նաև Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի ամբողջականության հետ, որովհետև ուզենք, թե՝ ոչ, Արցախը որպես գործոն առկա է: Այստեղ եթե մենք կտրում ենք այդ գործոնը, լրջագույն խնդիրներ կարող ենք սtանալ հետագայում: Կարող է թվալ, թե մենք այդ գործոնից ազատելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը, ազատվում ենք ինչ-որ բեռից, վտանգավոր մոլորություն է»:
Հակոբ Բադալյանը կարծում է՝ եթե խաղաղության պայմանագիրն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցն առանձնացվում են, գոնե պետք է զուգահեռ ամրագրում լինի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կարող է հրաժարվել։
«Հետոն կարող է լինել ինչ-որ ձևականություններ, հռչակագրային ինչ-որ բաներ, բայց գործնական իմաստով հետո չի լինելու, սա կասկածից վեր է: Նույնիսկ այսօր այդ թեման երբ որ շոշափում ենք, շատ մեծ անորոշություն կա թե ի՞նչ առարկայությամբ է դա շոշափվում: Եթե ստորագրվելու է ինչ-որ խաղաղության համաձայնագիր, ինչի հավանականությունը ինքս ցածր եմ համարում, բայց եթե դիտարկենք այդպիսի հնարավորություն, ապա պետք է համարել, որ այլևս Արցախի հարցը բացարձակապես ենթարկվելու է երկրորդայնացման, երրորդայնացման և աստիճանաբար վերածվելու է իսկապես այն խնդրին, ինչին ձգտում է Ադրբեջանն, այսինքն, Ադրբեջանի ինչ-որ ներքին խնդիր», - ասաց Բադալյանը:
Եթե ոչ խաղաղության պայմանագրով, ապա ինչպե՞ս է երաշխավորվելու միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, եթե հետոյին է թողնվելու՝ իրատեսակա՞ն է, որ բանակցությունները մերժող Ադրբեջանը Ղարաբաղի հետ նման փաստաթուղթ ստորագրի, այս հարցերը բաց են մնում։
Երբ ավելի քան մեկ տարի առաջ խաղաղության պայմանագրի շուրջ Երևանն ու Բաքուն նոր-նոր սկսեցին առաջարկներ փոխանակել, Հայաստանը առաջին իսկ նամակում շեշտեց ոչ միայն անվտանգության ու իրավունքների, այլև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։ Դրանից հետո Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Բաքուն ու Ղարաբաղն իրենց ներքին հարցը համարող Ալիևը բազմիցս մերժեցին խաղաղության պայմանագրում ԼՂ-ին անդրադարձը։
«Հայաստանի վարչապետի այս հայտարարությունները փաստացիորեն ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են նաև այս հարցով զիջումների գնալ և ընդունել Բաքվի տեսակետը», - նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Քաղաքագետը իրատեսական չի համարում սցենարը, որ առանց Լեռնային Ղարաբաղի հիշատակման խաղաղության պայմանագրի կնքումից հետո Բաքուն Ստեփանակերտի հետ կերկխոսի։
«Առնվազն լուրջ երաշխիքներ չեն լինելու, որ Ադրբեջանն ինչ-որ մի փուլից չի հրաժարվելու միջազգային ձևաչափով Արցախի հետ բանակցություններ վարելուց: Շատ հավանական է այն սցենարը, որ մինչև պայմանագրի ստորագրումը մի քանի հանդիպում կարող է տեղի ունենալ: Երևանը, ինչպես նաև միջնորդները կօգտագործեն այդ հանգամանքը արդեն խաղաղության պայմանագրի օրակարգում առաջ շարժվելու համար: Դրանից հետո Ադրբեջանը կամ պնդելու է ձևաչափի փոփոխման վրա, որպեսզի այդ երկխոսությունը լինի միմիայն ներքին գործընթաց, առանց որևէ միջազգային ներգրավվածության, կամ էլ ընդհանրապես հրաժարվելու է այդ հանդիպումներից: Այդ պատճառով, իհարկե, քիչ թե շատ ընդունելի տարբերակը կարող է լինել հենց գրավոր պայմանավորվածության ձեռքբերումը խաղաղության պայմանագրին զուգահեռ կամ խաղաղության պայմանագրի տեքստում», - ասաց Գրիգորյանը: