Հայաստանի ղեկավարի լրագրողների հետ հանդիպման մոտ 15 րոպեն սմբուկի, ընդհանրապես գյուղմթերքի՝ ավելի կոնկրետ ամենևին նրբախորտիկ չհամարվող աջաբսանդալի մասին էր։
«Այսինքն՝ հիմա ձեր կանխավարկածն այն է, որ մեր տանը բադրջան եփվելու իրավունք չկա՞», - ասաց Փաշինյանը:
Վարչապետի կինն էր օրեր առաջ իրենց աճեցրած բանջարեղենի, ապա ապուրի լուսանկարները հրապարակել: Համացանցային քննարկումը, թե Արցախում սով է և մի տեսակ հարմար չէ այս օրերին այդպիսի լուսանկարներ տարածել թիվ մեկ խոհանոցից, հասավ նաև ասուլիսի սրահ։ Վարչապետն այս թեման պատվերով քարոզչություն է համարում, ասում է՝ Հայաստանն արցախցիների համար ոչինչ չի խնայել, նախորդ 30 տարում այդքան աջակցություն չեն ստացել, որքան հիմա, թող գոնե գյուղատնտեսությամբ զբաղվեին:
«Ոմանք թող գնային բադրջան ցանեին 150 միլիարդ դրամի փոխարեն, գոնե, թե՞ էդ էլ պիտի Արարատյան դաշտում վարեն, ցանեն, աճեցնեն, քաղեն, ղրգեն, էս ի՞նչ ձև է ընդհանրապես», - նշեց Փաշինյանը:
«Զբաղվել ենք գյուղատնտեսությամբ», - ասուլիսից ժամեր անց արձագանքեց Արցախի պետնախարարը՝ հանրահավաքային հարթակից: Այս տարի ավելի շատ գյուղմթերք է մշակվել, քան պատերազմին հաջորդած երկու տարում, հայտարարեց Գուրգեն Ներսիսյանը:
«Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ և մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով», - ընդգծեց Ներսիսյանը:
Ըստ պետնախարարի, հենց այդ աշխատանքի շնորհիվ են սովին դիմակայում՝ ավելի քան 40 օր լիակատար շրջափակման պայմաններում։ Խնդիրն, ըստ Ներսիսյանի, այն է, որ այժմ վառելիք չկա բերքը հավաքելու, սպառողին հասցնելու, հացը խանութներ տեղափոխելու, հիվանդին հիվանդանոց հասցնելու համար, իրենք մեղավոր չեն. - «Այս ամենի մեղավորը հայտնի է Ադրբեջան անունով: Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի»:
Ներսիսյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի ժողովրդին, շեշտեց՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արցախցիներին փողով աջակցելու համար. - «Այդ միջոցներն Արցախի շրջափակման ընթացքում օգտագործվել և հիմա էլ օգտագործվում են բացառապես Արցախի 40 հազար տեղահանված քաղաքացիներին 30 հազար երեխաներին և շրջափակման ընթացքում աշխատանքից ու եկամտից զրկված մեր ավելի քան 50 հազար քաղաքացիներին ու ընտանիքներին գոյությունը պահպանելու հնարավորություն տալու համար»:
Ասաց՝ պատրաստ է հաշվետվություն տալ ամեն մի դրամի համար։ Գուցե չի՞ ընկալվում թե ինչ վիճակ է այստեղ, ենթադրեց Գուրգեն Ներսիսյանը։
«Մեր համար արդեն թանկ հաճույք է աջաբսանդալ ուտելը»
Արցախի գյուղերից մեկում սմբուկի լավ բերք ունի Նաիրի Գաբրիելյանը, պատմում է, որ դժվարությամբ հաջողեց. - «Երկու անգամ սելավն ա քշել, մի անգամ կարկուտն ա եկել-տարել, 4-րդ անգամը սածիլ ենք դրել»:
Հիմա, երբ այդ դժվար բերքն ստացել է, չգիտի դրա հետ ինչ անի՝ ոչ կարողանում է աշխատողների գտնել, որ գան հավաքեն, ոչ էլ եղածը վաճառքի հանել՝ վառելիք չկա տեղաշարժի համար:
«Վառելիքի պատճառով հիմա չենք հասցնում աշխատողներին բերենք բերքը հավաքեն: 60-70 տոկոսը չեն կարողանում գան աշխատանքի», - նշեց Գաբրիելյանը,
Դդմիկի առատ բերք ունի մեկ այլ արցախցի ջերմոցատեր։ Դարձյալ նույն պատմությունն է. - «Կաբաչկի ունենք, որ պետք ա քաղենք, աշխատողը չի գալիս, մեծանում ա, մեծն էլ խնդիր է՝ չեն առնում, չենք էլ կարում տեղափոխենք շուկա, որ առնեն»:
Որ բերքը գյուղերից քաղաք հասցնելը խնդիր է՝ ահազանգել էր նաև Արցախի գյուղնախարարը. - «Լուրջ քանակի բանջարեղեն ունենք, այդ բանջարեղենը պիտի կարողանանք հասցնենք սպառողին»:
Հենց վառելիքի բացակայության պատճառով է Ստեփանակերտի շուկայում այնքան թանկացել աջաբսանդալի բանջարեղենը, որ այն արդեն անհասանելի է շատերի համար:
«Կարելի ա ասած՝ մեր համար արդեն թանկ հաճույք ա աջաբսանդալ ուտելը», - նշեց Ստեփանակերտի բնակիչը:
Ստեփանակերտցի Նարինեն այսօր էր քաղաքի շուկա գնացել, 6 հատ պոմիդոր է գնել, վճարել 4 հազար դրամ. - «Բանջարեղնը՝ կոնկրետ աջաբսանդալի մատերիալը՝ բադրջանը արժի 3,5-3,7, պոմիդորը՝ 3000-ից, եթե կարաս 3000 դրամով գտնես, լավ ա, մինչև 3,7-3,8 ծախում են: Ես էսօր 3000-ով եմ առել»:
Բիբարը հատով են վաճառում՝ մեկ հատը 350 դրամ։ Արցախցի կինը հասկանում է, թե ինչու են այսպիսի գներ, վաճառողն ումից գնել է լոլիկը, ոտքով էր իր բերքը Ասկերանից Ստեփանակերտ բերել։ Մի հարց, այնուամենայնիվ, հասկանալի չէ նրա համար՝ եթե վառելիք չկա, ինչպե՞ս են միշտ նույն մեքենաները սլանում Ստեփանակերտի դատարկ փողոցներով:
«Նկարելու եմ, տանեմ նախագահին ցույց տամ, ասեմ որտեղի՞ց մարդկանց էս բենզինը», - ներկայացրեց նա:
Նարինեն պատմում է՝ բարեկամը, որ գյուղերից մեկում է ապրում, հիվանդ մորը Ստեփանակերտ հասցնելու համար 20 լիտր բենզին է գնել՝ 100 հազար դրամով։ Ստացվում է վաճառքի բենզին կա, մարդկանց հոգսը թեթևացնելու համար բենզին՝ չկա։