Մատչելիության հղումներ

Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է, Մոսկվան դեռ չի հաստատել դրա երկարաձգումը


Ուկրաինա - Օդեսաի նավահանգստում նավերը բեռնվում են հացահատիկով, արխիվ
Ուկրաինա - Օդեսաի նավահանգստում նավերը բեռնվում են հացահատիկով, արխիվ

Միացյալ Նահանգները զգուշացնում է Ռուսաստանին հացահատիկի գործարքից դուրս գալու դեպքում դիվանագիտական մեծ խնդիրների մասին:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է՝ եթե Ռուսաստանը դուրս գա գործարքից, որի ժամկետը լրանում է այսօր, ամբողջ աշխարհը կտեսնի, որ Մոսկվան «երես է թեքել» կարիքավոր երկրներից և հրաժարվում նրանց մատչելի սնունդ տրամադրել:

«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը, գուցե Ռուսաստանը դուրս գա համաձայնագրից, գուցե շարունակի: Եթե դուրս գան դրանից, ապա մնացած աշխարհը կնայի դրան և կասի, որ Ռուսաստանը երես է թեքել Աֆրիկայի երկրներից, Լատինական Ամերիկայից և Ասիայից: Կարծում եմ՝ դա վնաս կհասցնի Ռուսաստանի հեղինակությանը», - ասել է Սալիվանը:

Ջո Բայդենի խորհրդականը հավելել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած սցենարի և սերտորեն համագործակցում է Կիևի հետ այս հարցում։

Սև ծովով հացահատիկի տեղափոխման գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։

Մոսկվան պաշտոնապես դեռ չի հաստատել, որ հացահատիկի գործարքը երկարաձգվելու է: Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե հացահատիկի համաձայնագիրը «վաղուց վերածվել է կոմերցիոն նախագծի», և իբր ուկրաինական հացահատիկի հիմնական ծավալները գնում են եվրոպական երկրներ, իսկ կարիքավոր երկրները ստանում են այդ ծավալների չնչին տոկոսը։

Բրյուսելը, արձագանքելով այս պնդումներին, հղում կատարելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի մարտին հրապարակված զեկույցին, հակառակն է պնդում, շեշտելով, որ զարգացող երկրները ստացել են ուկրաինական ցորենի 65 տոկոսը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ հուլիսի կեսերին Ուկրաինայի նավահանգիստներից դուրս է բերվել ավելի քան 32,8 միլիոն տոննա հացահատիկ։

XS
SM
MD
LG