ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ անցյալ տարվա հուլիսի 22-ին կնքված ռուս-ուկրաինական «հացահատիկի գործարքի» ժամկետը երեկ սպառվել է: Մոսկվան երեկ պաշտոնական խողովակներով բոլորին հայտնել է, որ չի երկարաձգելու գործարքը:
Դա կարող է ծանր վիճակ ստեղծել պարենի կարիք ունեցող Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի տարածաշրջանների աղքատ երկրներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեծ մտահոգությամբ է խոսել ռուսների որոշման մասին:
«Ես խորապես ափսոսում եմ Սևծովյան նախաձեռնությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ: Այդ նախաձեռնությունն ապահովել է ավելի քան 725 հազար տոննա պարենի փոխադրում և սովից ազատել է աշխարհի այնպիսի վտանգված շրջաններ, ինչպիսին են Աֆղանստանը, Սոմալին, Եմենը», - ասել է Գուտերեշը:
Ռուսներն այդ գործարքով երաշխավորել են շրջափակված ուկրաինական նավահանգիստներում գտնվող ուկրաինական պարենը ծովով դուրս փոխադրող նավերի անվտանգությունը: Երաշխիք այլևս չկա:
Ռուսներն իրենց որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ գործարքի ռուսական մասը չի կատարվել, ասելով, թե այդ գործարքով միջազգային շուկաներ պետք է փոխադրվեին նաև ռուսական արտադրության հացահատիկն ու պարարտանյութը:
Երեկ ուշ երեկոյան հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Արևմտյան երկրները դատապարտել են Մոսկվայի կեցվածքը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին պնդել է, թե Մոսկվան կվերադառնա գործարքին միայն նշված պայմանների կատարման դեպքում, իսկ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ասել է, որ ռուսները, սովորության համաձայն, «շանտաժի են ենթարկում ամբողջ աշխարհը»:
Գործարքը չերկարաձգելու մասին Մոսկվայի հայտարարությունից հետո Կիևն ասել է, որ պատրաստ է շարունակել մասնակցությունը գործարքին: Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կար երկու պայմանագիր՝ Ուկրաինա-Թուրքիա-ՄԱԿ և Ռուսաստան-Թուրքիա-ՄԱԿ: Եվ եթե Ռուսաստանը հրաժարվում է Անտոնիո Գուտերեշի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածություններից, ապա Կիևը դրանցից չի հրաժարվում:
«Ես պաշտոնական նամակներ եմ ուղարկել նախագահ Էրդողանին և գլխավոր քարտուղար Գուտերեշին, առաջարկելով շարունակել գործարքը: Ուկրաինան, ՄԱԿ-ը և Թուրքիան կարող են միասին ապահովել միջանցքի աշխատանքը և նավերի ստուգումը: Սա ամբողջ աշխարհին է անհրաժեշտ: Ով միանա այս առաքելությունը, կյանքեր կփրկի Մարոկկոյից Չինաստան, Ինդոնեզիայից Լիբանան», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Նրա խոսքով, նավերի սեփականատեր ընկերությունները դիմել են Կիևին և հայտնել, որ պատրաստ են շարունակել աշխատանքը, եթե Ուկրաինան և Թուրքիան թույլ տան նավերին անցնել այդ ճանապարհով:
Վաշինգտոնը նույնպես դիմել է Մոսկվային հացահատիկի գործարքից հրաժարվելու որոշումը վերանայելու կոչով:
«Միացյալ Նահանգները պատրաստ է մյուս երկրների հետ աշխատել Սև ծովով թե՛ ռուսական և թե՛ ուկրաինական պարենը կարիքավոր երկրներին հասցնելու գործում», - ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ, պաշտոնաթող ծովակալ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով՝ ռուսական պրոպագանդան սուտ տեղեկություններ է տարածում գործարքի և պատժամիջոցների մասին, քանի որ դրանք երբևէ չեն սահմանվել ռուսական պարենի կամ պարարտանյութի նկատմամբ: