Ձախողված բանակցություններ. հայ-ադրբեջանական հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահի ձևակերպումներից դատելով՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այսպես է բնորոշում շաբաթվա վերջին Փաշինյան-Ալիև բանակցությունները։ Ամենախնդրահարույցը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին Միշելի հայտարարությունն է համարում։
Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չխոսեց տարաձայնությունների հաղթահարման մասին։ Փոխարենը Արցախի յոթամսյա շրջափակման պայմաններում կարևորեց թե՛ Լաչինի ճանապարհի բացումը, թե՛ հումանիտար մատակարարումները Ադրբեջանի տարածքով՝ Աղդամով։
«Նմանատիպ կետ ներառելով հայտարարության տեքստի մեջ ու այդ կետը նույն հարթության մեջ դնելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի հետ, հայկական կողմի համաձայնությամբ, մեծ հաշվով, Ադրբեջանը կարողանալու է զրոյացնել նախկինում տարբեր միջազգային կառույցների և մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի որոշումները նույն Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ: Սա վստահաբար հայկական դիվանագիտության ձախողումն է», - ասաց Գրիգորյանը:
Ի՞նչ տեսակետ է հայտնել վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի այս առաջարկի մասին, որը կրկնեց նաև Շառլ Միշելը, հետաքրքրվել էինք ԱԳՆ-ից։ Ի պատասխան խոսնակ Անի Բադալյանը, առանց Աղդամին անդրադառնալու, ասաց՝ Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև մեր գործընկերների հետ բոլոր քննարկումներում:
Բայց կառավարությունից արդեն երկրորդ օրն է չկա արձագանք՝ Փաշինյան-Ալիև բանակցություններում ի՞նչ պայմանավորվածություն է ձեռքբերվել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ։ Եվրոպական խորհրդի նախագահը միայն ասել էր, թե առաջնորդները վերահաստատել են իրենց ջենտլմենական ընկալումը, որ սահմանը պատահմամբ հատած զինվորների հարցը պետք է լուծվի։ Պարզ չէ` արդյոք վերջերս Ադրբեջանի կողմից առևանգված հայ ու Հայաստանի սահմանը հատած ու այստեղ մարդ սպանած ադրբեջանցի զինվորների փոխանակման շուրջ համաձայնություն կայացել է, թե՝ ոչ։
Փորձագետները նկատում են, որ եվրոպացի պաշտոնյան չխոսեց ավելի քան 3 տասնյակ հայ գերիների մասին։ Իսկ մայիսին նույն Միշելը բանակցությունների ավարտին խոսել էր գերիների ու պատանդների մասին, պնդել, թե առաջիկայում ձերբակալվածներ ազատ կարձակվեն, որը այդպես էլ տեղի չունեցավ։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ Միշելի վերջին հայտարարությունը կարելի է ընկալել որպես ակնարկ, թե հավասարության նշան է դրվելու երկու առևանգված հայ զինծառայողների ու Հայաստանի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցու միջև։
«Առանց որոշակի կոնկրետության այս հայտարարությունը կարծես թե հավասարության նշան է դնում և ինչ-որ տեղ տեղավորվում է այն պտտվող լուրերի կամ քննարկումների մեջ, որ ի վերջո այդ երկու ադրբեջանցիները, որոնցից մեկը սպանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և երկու հայ զինվորներն էլ, որոնց ուղղակի առևանգել են, պետք է փոխանակվեն միմյանց հետ», - նշեց Պողոսյանը:
Քաղաքագետները նաև Բաքու - Ստեփանակերտ երկխոսությանը վերաբերող՝ Միշելի հայտարարությունները հայկական շահից բխող չեն համարում։ Բենիամին Պողոսյանը նկատեց՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության հարցում որևէ հիշատակում չեղավ միջազգային մեխանիզմի կամ միջազգային ներգրավվածության մասին։ Շարլ Միշելը միայն Եվրամիության աջակցությունն էր վերահաստատել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։
Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ եվրոպացի դիվանագետի բառապաշարը տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում. - «Նախորդ հայտարարության մեջ խոսվում էր կառուցողական ու թափնացիկ երկխոսության անհրաժեշտության մասին, այժմ միայն խոսվում է ուղիղ երկխոսության մասին, իսկ ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ նաև ադրբեջանական պատկերացումների ներքո, այսինքն, ինչ-որ խնտեգրացիայի օրակարգի շուրջ և Ադրբեջանի տարածքում՝ օրինակ»:
Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Երևանը պնդեց՝ պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները ոչ միայն խաղաղության համաձայնագրի, այլև Լաչինի արգելափակման հետևանքով Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման, նաև գերիների, անհետ կորածների հարցերի շուրջ։
Բաքուն օրակարգային հարցերից առանձնացրեց՝ «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումն ու ապօրինի կազմավորումների զինաթափումը»։
Հայաստանը բազմիցս հերքել է Արցախում իր ռազմական ներկայությունը։ Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցներն, իրենց դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրեցին, թե բրյուսելյան հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Դիմել ենք ԱԳՆ-ն, այս պահին չկա արձագանք։