Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ․ ՊԲ


Պաշտպանության բանակը հերթական ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։

Բաքուն պնդում է, թե ադրբեջանական զինված ուժերը կասեցրել են Արցախի բանակի կողմից Իվանյանի (Խոջալուի) շրջանի ուղղությամբ տեղեկայված ադրբեջանական դիրքերի դիմաց ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձերը։

«Այս կերպ Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձսնց ուղղությամբ», - հայտնում է Պաշտպանության բանակը՝ տեղեկացնելով, որ այսօր ժամը 09:50-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր ավելի վաղ Բաքուն մեղադրել է ՊԲ-ին Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու համար, ինչի հետևանքով, ըստ Ադրբեջանի, ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը։ Պաշտպանության բանակը բացարձակ կեղծիք է համարել Բաքվի այս հայտարարությունը։

XS
SM
MD
LG