Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից


Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյան («Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյան («Հայաստան»)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ գործունեության անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։

Ըստ հանձնաժողովի, պրոֆեսորը 2021-ին պատգամավոր ընտրվելուց հետո շարունակել է վիրահատություններ իրականացնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու վճարվել դրանց դիմաց։

Մինչդեռ, ըստ Սահմանադրության, պատգամավորը մանդատը ստանալուց հետո չի կարող կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

««Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքում տեղ են գտել հրապարակումներ Արմեն Չարչյանի կողմից վիրահատություններ կատարելու վերաբերյալ», - նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունում։

«Իզմիրլյան»-ից սակայն պնդում են, թե այդ լուսանկարներին վերագրվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, բժիշկը պատգամավոր դառնալուց հետո վիրահատություններ չի կատարել, հետևաբար դրանց դիմաց աշխատավարձ չի ստացել։

«Ինքը վիրահատությունները միայն ղեկավարում ա, վերահսկում ա։ Այսինքն՝ ներկա ա լինում, վիրահատող բժիշկների հետ միայն կանգնում ա, ուղղություն ա տալիս», - նշեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի քարտուղար Աննա Դեմիրճյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, հարցում է ուղարկել Պետեկամուտների կոմիտե՝ պարզելու, թե արդյոք պատգամավորը ընտրվելուց հետո Բժշկական համալսարանից և «Իզմիրլյան» բուժկենտրոնից աշխատավարձ ստացել է։

«Տեղեկատվության համաձայն, Արմեն Չարչյանը 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից»։

Ըստ հանձնաժողովի, պրոֆեսորը նաև «Իզմիրլյան»-ից է աշխատավարձ 2022 թվականի մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։

Բուժկենտրոնից ՊԵԿ-ի տվյալները այլ կերպ են հիմնավորում. - «Գիտական աշխատանքների, հոդվածների... հիմա ես տենց հերթով չեմ հիշում, բայց պատասխանները կետ առ կետ ներկայացվել են»։

Ինքը՝ հայտնի բժիշկը, որ 2014-21 թվականներին ղեկավարել է «Իզմիրլյան» բուժկենտրոնը, հրաժարվում է մեկնաբանել, թե արդյոք իրականացրել է վիրահատություն, ստացել է աշխատավարձ, թե՝ ոչ.

Չնայած «Իզմիրլյան» ԲԿ-ն պնդում է, թե պրոֆեսորը մասնակցում է վիրահատություններին բժշկական համալսարանի ուսանողների պրակտիկ ուսուցման շրջանակներում, սոցցանցում արձագանքեց հիվանդներից մեկի հարազատը և ասաց, որ մեկ ամիս առաջ իր ազգականը կոնքազդրային վիրահատություն է տարել բժշկի մոտ։ Զրուցակիցը ցանկացավ անանուն մնալ, բայց պնդեց՝ իրենք են ցանկացել, որ հենց Չարչյանն անի վիրահատությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական կարողությունները. - «Էնտեղ գտվող անձնակազմը՝ բուժքույրներից սկսած նույնիսկ, բոլորը շատ հոգատար, ուշադիր,մարդկային մոտեցում են ցուցաբերել»։

Հարցին, թե միգուցե պրոֆեսորը միայն մյո՞ւս բժիշկներին է ուղղորդել, կինը դժվարացավ պատասխանել, բայց հաստատեց, որ մինչև վիրահատությունը որպես վիրահատող բժիշկ ներկայացրել են Արմեն Չարչյանին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովը նաև պնդում է, որ չորս դեպքում հիվանդության անկետաներում ձեռքով՝ ուղղիչ գրիչով փոխվել է վիրահատող բժիշկի անունը, որպեսզի չեզոքացվի պատգամավորի գործունեության հետ անհամատեղելության պահանջի հնարավոր խախտումը։

«Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի խոսնակն ասաց, թե և' աշխատավարձի, և' անկետաների վերաբերյալ պարզաբանումները պատգամավորը հատ առ հատ ներկայացրել է իր քարտուղարուհու միջոցով, հետևաբար ինքը տեղյակ չէ մանրամասներից. - «Ճիշտն ասած, էդ մասով ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ ինչ պատմություն ա»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարծես թե ընդդիմադիր պատգամավորի բացատրությունները չեն համոզել։ Կառույցն իր ուսումնասիրությունն արդեն ուղարկել է իրավապահներին՝ հիմքերի առկայության դեպքում ընթացք տալու համար։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նյութերը ստացել են, այս պահին այն քննարկման փուլում է։ Եթե հաստատվի, որ Չարչյանը խախտել է անհամատեղելիության պահանջը, ապա նա կարող է զրկվել մանդատից։

Հայտնի բժիշկը, որ պատերազմից հետո միացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին ու պատգամավոր ընտրվեց, արդեն իսկ մեղադրյալ է երկու գործով։ Մի դեպքում իրավապահները պնդում են, որ նա որպես «Իզմիրլյանի» տնօրեն բուժկենտրոնի աշխատակիցներին հարկադրել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, երկրորդի դեպքում, թե 2017-ին կեղծ բժշկական եզրակացություն է տվել։ Չարչյանը մեղքը չի ընդունում, նա և նրա թիմակիցները այս գործերը քաղաքական հետապնդում են որակում։

XS
SM
MD
LG