Ռուսաստանցի ավելի քան 200 մարզիկներ փոխել կամ պատրաստվում են փոխել մարզական քաղաքացիությունը, որպեսզի կարողանան մասնակցել միջազգային մրցելույթներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում։
Ռուսաստանյան «Խոլոդ» պարբերականի ուսումնասիրության համաձայն, իր մարզական քաղաքացիությունը փոխել է 141 շախմատիստ, 11-ական մարզիկ են կորցրել գեղասահքի և ձիասպորտի Ռուսաստանի հավաքականները, ինչպես նաև թենիսիստներ, ռիթմիկ մարմնամարզիկներ։
Սպորտային քաղաքացիությունը փոխած ռուս մարզիկները հիմնականում հանդես են գալիս Իսրայելի, Սերբիայի և Գերմանիայի դրոշի ներքո։
Ուկրաինա ռուսական լայնածավալ ռազմական ներխուժման մեկնարկից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն և բազմաթիվ մարզական ասոցիացիաներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ՝ այդ երկրների մարզիկներին թույլատրելով հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո, իսկ ոմանց ընդհանրապես արգելել մասնակցել մրցումներին։