Մատչելիության հղումներ

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը այսօր կքննարկի Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների հարցը


Այսօր Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) լսելու է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու՝ իր կոմիտեներից մեկի առաջարկը:

Անցած ամիս կոմիտեն առաջարկել է չորս տարի ժամկետով զրկել Ռուսաստանին միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից՝ ներառյալ գալիք տարի Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերը: Առաջարկվել է նաև չորս տարվա ընթացքում Ռուսաստանին արգելել իր տարածքում միջազգային մրցաշարեր անցկացնել:

Նման առաջարկի պատճառը Մոսկվայի Հակադոպինգային լաբորատորիայի կողմից միջազգային գործակալությանը խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելն է:

Անցած տարի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը վերացրեց ռուսական RUSADA հակադոպինգային ընկերության վրա շուրջ երեք տարի դրված պատժամիջոցը՝ պայմանով, որ Ռուսաստանը ներկայացնի 2012-2015 թվականների ընթացքում դոպինգային ուսումնասիրությունների տվյալները և օրինակները: Սակայն այս տարվա նոյեմբերին WADA-ի կոմիտեն հայտնեց, որ Մոսկվայի լաբորատորիայից հունվարին ստացված տվյալների մեջ կեղծիքներ են հայտնաբերվել, և Ռուսաստանին պատժելու առաջարկներ ներկայացրեց:

Եթե այսօր Փարիզում կայանալիք նիստում բավարարվի Ռուսաստանին կրկին պատժելու առաջարկը, ապա Ռուսաստանը չի կարող 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2022 թվականի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին հանդես գալ իր պետական դրոշի և օրհներգի ներքո: Իսկ ռուսաստանցի այն մարզիկները, որոնց դոպինգային անալիզները նորմալ են՝ խթանիչներ չեն օգտագործել, կարող են հանդես գալ չեզոք՝ օլիմպիական դրոշի ներքո, ինչպես անցած տարի Հարավային Կորեայում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերին էր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում նախատեսված մրցաշարերին, ապա հնարավոր է՝ միջազգային մարզական գործակալությունները չեղարկեն դրանք և տեղափոխեն այլ երկրներ:

Հնարավոր է նաև, որ Ռուսաստանի կառավարության անդամներին և պաշտոնատար անձանց արգելվի ներկա լինել միջազգային մրցաշարերին:

Ռուսաստանին պատժելու որոշումն ընդունելու դեպքում, RUSADA-ն 21 օր ժամանակ կունենա՝ այն բողոքարկելու Շվեյցարիայի արբիտրաժային դատարան: Շահագրգիռ այլ կողմեր ևս կարող են դիմել Լոզանի դատարան, որի վճիռները պարտադիր կլինեն միջազգային Օլիմպիական խաղերի և մարզական այլ կազմակերպությունների համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հակադոպինգային պատիժները համարել է Արևմուտքի քայլերից մեկը: «Մարդիկ կան, որ ցանկանում են Ռուսաստանին դնել պաշտպանվողի դիրքում՝ մեղադրելով նրան միջազգային կյանքի գործնականում բոլոր բնագավառներում և ամեն ինչում՝ հակամարտություններ, տնտեսություն, էներգետիկա, գազատարներ, զենքի վաճառք», - թվարկել է Լավրովը:

Դոպինգային սկանդալները Ռուսաստանին հետապնդում են 2014 թվականից սկսած, երբ Սոչիում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերում պաշտոնական մակարդակով կազմակերպվել էր ռուս մարզիկների կողմից խթանիչների կիրառումը՝ Ռուսաստանի թիմերին մեդալներով ապահովելու նպատակով:

XS
SM
MD
LG