Մատչելիության հղումներ

Կարևոր է, թե երբ Արցախին երկխոսության առաջարկ է արվում, ինչ տրամաբանության մեջ պետք է լինի. Հակոբ Բադալյան


Շատ կարևոր է, թե Բաքվի հետ երկխոսության ինչ առաջարկ է արվում Արցախին, այդ խոսակցությունն՝ ինչ տրամաբանության մեջ պետք է լինի, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Եթե պետք է տրամաբանությունը լինի այն, ինչ պահանջում է Բաքուն, այսինքն՝ վերաինտեգրման հարցեր և վերջ, ապա այս դեպքում այդ բանակցությունը կարող է պարզապես վերածվել ծուղակի», - նշեց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Որպես կանոն՝ ասում են՝ բանակցելը չբանակցելուց լավ է, դա նաև վերաբերո՞ւմէ այս դեպքին, երբ արցախահայերին կանչում են երրորդ երկիրը։

Հակոբ Բադալյան - Ընդհանուր առմամբ, իհարկե, լավ է, երբ կա կոնֆլիկտ, և բանակցվում է այդ կոնֆլիկտի հետագա ծավալում թույլ չտալու, եթե չասենք՝ կարգավորման, բայց ցանկացած բանակցություն արդեն գնահատելի է իր դետալներով և տրամաբանությամբ, հետևաբար այդ ունիվերսալ արտահայտությունը չենք կարող բոլոր բանակցային դեպքերին վերագրել։ Հիմա տվյալ պարագայում շատ կարևոր է, թե Արցախին երբ արվում է առաջարկ Բաքվի հետ երկխոսության, այդ խոսակցությունն ինչ տրամաբանության մեջ պետք է լինի։ Եթե պետք է տրամաբանությունը լինի այն, ինչ պահանջում է Բաքուն, այսինքն՝ վերաինտեգրման հարցեր և վերջ, ապա այս դեպքում այդ բանակցությունը կարող է պարզապես վերածվել ծուղակի, և ինքնին նույնիսկ բանակցային առաջարկը վերածվել ծուղակի, որովհետև բնականաբար, այդ առաջարկն ընդունելը, մեղմ ասած, շատ դժվար կլինի, իսկ չընդունելու պարագայում կարող է ստացվել, որ արվում է առաջարկ բանակցության, իսկ Արցախը մերժում է, և հետևաբար պատասխանատվություն է ստանձնում հետագա լարվածության համար։

Այս տեսանկյունից անարդար կլինի, եթե Արցախը դրվի այդպիսի պայմանի առաջ՝ կամ բանակցում եք, կամ պատասխանատվությունը հետագա լարվածության համար հայտնվում է ձեր դաշտում։ Հիմա ինչպիսին է իրավիճակը, կարող ենք դատել հայտարարություններից. փաստացի Արցախի պաշտոնյաները հայտարարում են, որ այդ առաջարկներն արվում են հենց այդ տրամաբանությամբ։

«Ազատություն». - Բացի այդ, նաև նույնիսկ անգամ բովանդակությանը չգալով՝ լեգիտիմ չէ ասել, որ նախ պայմաններ էլ ստեղծեք, ասենք՝ ապաշրջափակում և այլն, նոր սկսվի այդ խոսակցությունը։

Հակոբ Բադալյան - Նույնիսկ ինչ-որ առումով կարող ենք դիտարկել բանակցություն մինչև ապաշրջափակում, բանակցություն հենց ապաշրջափակման շուրջ, ծայրահեղ դեպքում կարող ենք դիտարկել անգամ այդ տարբերակը որպես հենց նույն ապաշրջափակման խնդրի լուծում, բայց այստեղ եթե այդ բանակցությունը լինելու է մի կողմի պայմաններ թելադրելով մյուս կողմը պետք է լսի, ենթարկվի, համաձայնի կամ չհաձայնի, ապա դա չի կարող լինել բանակցություն, դա միայն ձևով կարող է բանակցություն համարվել, դե ֆակտո իմաստով կլինի պայմանների թելադրում մի կողմին՝ եթե չեք ընդունում պայմանները, ուրեմն մյուսը, որ կխոսի արդեն ուժի լեզվով, կլինի արդարացի, որովհետև դուք չեք ընդունել նրա պայմանները։ Դրա համար այստեղ շատ կարևոր է նաև, որ այդ բանակցային կամ շփումների նախաձեռնությունը ներկայացնող տարբեր միջնորդ կողմերը իրենց պատասխանատու զգան հենց այդ տրամաբանության համար, որպեսզի Արցախը չհայտնվի պայմաններ կատարող կամ չկատարողի դերում։

«Ազատություն». - Դուք այսօր տեսնո՞ւմ եք միջազգային իրական մեխանիզմ, որը կարող է պաշտպանել արցախահայերին։

Հակոբ Բադալյան - Ո՛չ, և պատճառն այն միջազգային իրավիճակն է, որ մենք տեսնում ենք, փաստացի համաշխարհային պատերազմը, որը պայմանական Արևմուտք-Ռուսաստան ձևաչափն ունի, բայց իր խորքում և տարբեր շերտերում շատ ավելի լայն պրոցես է, և այս տեսանկյունից, երբ գործում ենք միջազգային անվտանգության համակարգի փլուզման հետ, ընդ որում լայնածավալ փլուզման հետ, շատ բարդ է պատկերացնել, որ կարող է այդ փլուզումների պարագայում ինչ-որ մի առանձին վերցրած ռեգիոնում, ընդ որում այդ աշխարհաքաղաքական պայքարի և դիմակայության տեսանկյունից առանցքային ռեգիոններից մեկում գործել ինչ-որ անվտանգության մեխանիզմ։ Առայժմ մենք մեր ռեգիոնում տեսնում ենք հակառակը՝ այդ լայն և խորքային պայքարի, մրցակցության, դիմակայության դրսևորում։

XS
SM
MD
LG