Մատչելիության հղումներ

Որևէ երաշխիք, վստահություն Ադրբեջանն այսօր չի ներշնչում. արցախցի պատգամավոր


Որևէ երաշխիք, վստահություն Ադրբեջանն այսօր չի ներշնչում, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Միաժամանակ նա նշեց, որ իրենք երբևէ դեմ չեն եղել բանակցություններին, սակայն բանակցություններն ու պարտադրանքի լեզվով «բանակցություններ» թելադրելը տարբեր են։

​Զրույցից հատված ստորև.

«Ազատություն». - Նախագահ Հարությունյանը երեկ ասել է, որ Ստեփանակերտը պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ կարգավորել բոլոր հիմնախնդիրները։ Դուք կարծում եք՝ իշխանություններն ի վերջո կգնա՞ն այդ հանդիպմանը երրորդ երկրում։

Դավիթ Գալստյան. - Երբևիցե ոչ թե իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը չի բացառել կամ դեմ չի խոսացել բանակցություններին, բայց պետք է իմանանք՝ բանակցություններին ովքեր են մասնակցում, ինչ կարգավիճակով են մասնակցում, և ովքեր են այն երաշխավորները, որոնք որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու համար պետք է ի կատար ածվի, քանի որ տեսնում ենք, որ Ադրբեջանն իր իսկ ստորագրած եռակողմ փաստաթղթի կետերը բազմիցս խախտում է, միջազգային դատարանի վճիռները անտեսում է, ոտնահարում է, բայց անպատժելիության մթնոլորտում շարունակում է իր առավելապաշտ, ագրեսիվ քաղաքականությունը։

«Ազատություն». - Պարզ է, հիմա բաց ասվում է, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ է եղել այդ առաջարկը։ Սա բավարա՞ր երաշխիք չէ, որ աշխատի այդ գործիքը՝ այդ միջազգային մեխանիզմը աշխատի բանակցությունների։

Դավիթ Գալստյան. - Նույն Միացյալ Նահանգները, Հաագայի դատարանի որոշում կա, որը նույն ձև միջազգային հանրություն է, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին պարտադրելու այդ որոշումն ի կատար ածել, և որևէ երկիր այսօր չունի որևէ պատժամիջոց կիրառած Ադրբեջանի դեմ, և որ Հաագայի դատարանի վճռի որոշումը չի կատարում։ Ընդունվել է բանաձև, այդ բանաձևը չեն պարտադրում, որ գործի։ Իհարկե, Ադրբեջանի համար որևէ երաշխիք, վստահություն Ադրբեջանն այսօր չի ներշնչում, իսկ միջազգային հանրությունը կուրորեն թույլ է տալիս Ադրբեջանի այսպես ասած՝ ռազմական ագրեսիան, բլոկադան, անմարդկային պայմաններ ստեղծել Արցախի համար, և միջազգային հանրությունը բացի կոչերից, գործնական որևէ քայլ չտեսանք, որ նրանք Ադրբեջանին որևէ բան պարտադրեն։

«Ազատություն». - Միացյալ Նահանգների դեսպանը, պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում հանգուցալուծման վերաբերյալ, ասել է, որ տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը հենց արցախահայերի իրավունքների պաշտպանության ապահովումն է, որ իրենց տներում ապահովության զգացում ունենան։ Այսինքն՝ ըստ էության, ասում է՝ դա է լինելու բանակցային նյութը։

Դավիթ Գալստյան. - Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսանալով՝ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենք հետքայլ են անում իրենց իսկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում, միջազգային հարթակում, երբ խոսվում է, որ թե տարածքային ամբողջականությունը, թե ինքնորոշման իրավունքը նույն հարթակի վրա են, նույն հարթության վրա է, բայց այսօր նույն իրենք, ովքեր երկակի ստանդարտներ են փորձում կիրառել, լինի դա թե Ամերիկան, թե Ֆրանսիան, թե Ռուսաստանը, այստեղ կարևոր չէ, թե որ երկիրը։ Մեզ համար Մինսկի խմբի համանախագահները, որոնք ունեն միջազգային մանդատ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով զբաղվելու, և այնտեղ ֆիքսված են այն մոտեցումները, թե ինչպես պետք է կարգավորվի այս հիմնախնդիրը։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք տեսնում բանակցությունների հեռանկարն այն պայմաններում, եթե անգամ այս երրորդ երկրում հանդիպելու տարբերակին Ադրբեջանը շատ դժվար համաձայնեց, գիտեք։ Նրանք Բաքու էին կանչում ձեզ։

Դավիթ Գալստյան. - Նրանք բանակցությունների չէին կանչում, նրանք նախապայմաններ են թելադրել և օրակարգը ձևավորել ու ասում էին՝ սա է օրակարգը, և միայն ու միայն այս հարցի շուրջ, իսկ դա բանակցություն չէ, պարտադրանքի լեզվով բանակցություններ չեն լինում։ Եվ եթե իրոք նա խաղաղության օրակարգի կողմնակից է, ապա միակ միջազգայնորեն մանդատ ունեցող կառույցը մերժելով, այլ հարթակներ առաջարկելով հասկանալի է նրա վերջնանպատակը։

«Ազատություն». - Եթե ոչ, եթե Ստեփանակերտը Մինսկի խմբի ձևաչափից բացի, այլ տարբերակով չի համաձայնում բանակցությունների, սա փակուղի և ռազմական նոր ագրեսիայի վտանգ չէ՞։

Դավիթ Գալստյան. - Ո՛չ, այստեղ շատ անելիք ունեն Հայաստանի իշխանությունները. ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ իրենց այդ բեռը փորձում են բարդել ռուսական կողմի վրա։

XS
SM
MD
LG