Մատչելիության հղումներ

Այսօր Սումգայիթի դատարանում կհրապարակվի առևանգված հայ զինծառայողների դատավճիռը


Ադրբեջան - Երկու հայ զինծառայողների դատը, Սումգայիթ, 5-ը հուլիսի, 2023թ.
Ադրբեջան - Երկու հայ զինծառայողների դատը, Սումգայիթ, 5-ը հուլիսի, 2023թ.

Հայաստանի օմբուդսմենն ընդգծում է՝ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից առևանգված երկու զինվորականները գերիներ են:

Այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը կհրապարակի Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանի և ժամկետային Կարեն Ղազարյանի դատավճիռը։ Ադրբեջանցի դատախազը նրանց համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։

Բաքուն հայ զինվորներին մեղադրում է պետական սահմանը խախտելու և դիվերսիա պլանավորելու համար, մինչդեռ ըստ հայկական կողմի՝ զինծառայողներն ադրբեջանցիների կողմից առևանգվել են Շիկահողի դիրքեր հաց ու ջուր տանելիս։

«Մենք փորձել ենք գտնել տարբերակներ նաև միջազգային կառույցներին որոշակի ինֆորմացիա փոխանցելու համար, որը կարող է նաև արժանահավատ դիտարկվել: Միանգամից ասեմ, որ մեր հիմնական անելիքը այն է եղել, որ մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր՝ միմյանց հետ հեռախոսային խոսակցությունների մասին, և այլն, և քաղաքացուց ստացված տեղեկատվությունը իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանաբար մենք ուղարկել ենք միջազգային կառույցներին, որպեսզի որոշակի առումով կարողացած լինենք նպաստել այդ հարցին», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մանասյանի խոսքով՝ միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից առևանգված երկու զինվորականները գերիներ են և պետք է ունենան այդ կարգավիճակը։

«Նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվում են, թե՝ ոչ, և այս առումով միանշանակ է, այո, որ պետք է քայլեր ձեռնարկվեն», - նշեց մարդու իրավունքների պաշտպանը:

Հայ գերիների շահերը պաշտպանող իրավապաշտպանների գնահատմամբ՝ Սումգայիթում անցկացված դատավարությունը բեմադրություն է, և դատավորը, ամենայն հավանականությամբ, հաստատելու է դատախազի պահանջած պատժաչափը։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ առևանգված հայ զինվորներին դատապարտելուց հետո Բաքուն փորձելու է նրանց փոխանակել Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիների հետ՝ չվերադարձնելով նախկինում գերեվարված մյուս զինծառայողներին։

Ադրբեջանը հաստատել էր, որ իր բանտերում 35 հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ մայիսի վերջին առևանգված երկու զինծառայողները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG