Մատչելիության հղումներ

Վարչապետը ևս մեկ անգամ արձանագրում է՝ Արցախում Հայաստանի բանակ չկա


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ մեկ անգամ ևս արձանագրեց՝ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա»:

«Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է», - հայտարարեց վարչապետը՝ հակադարձելով պաշտոնական Բաքվի անհիմն մեղադրանքներին և Արցախից Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս բերելու պահանջին:

«Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում», - նշեց Փաշինյանը:

«Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այս առումով, Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է»:

«Հայաստանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման

«Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումը այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի», - հայտարարեց վարչապետը:

«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան - Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա», - նշեց Փաշինյանը:

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը», - հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ կրկին ընդգծելով. - «Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»:

XS
SM
MD
LG