Մատչելիության հղումներ

Իմ ղեկավարման ժամանակ չի եղել մի զինատեսակ, որի կիրառության համար, այդ թվում՝ «Իսկանդեր»-ի ուրիշից թույլտվություն վերցնենք. Օհանյան


«Իմ ղեկավարման ժամանակ չի եղել որևէ զինատեսակ, որի կիրառության համար ուրիշից թույլտվություն վերցնենք, սա վերաբերում է նաև ռազմավարական նշանակության ունեցող «Իսկանդեր»-ին», - «Ազատությանը» փոխանցեց 2008-ից մինչև 2016 թվականը pաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, թե չգիտի՝ Փաշինյանը ինչեր է հնարում, բայց «Իսկանդեր»-ի գնման օրվանից այդ զինատեսակի համար պատասխանատվություն է կրել Հայաստանի Հանրապետությունը։

Ռուսական արտադրության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգը ձեռք էր բերվել 2015-ին, այսինքն հենց Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ, հրթիռները, սակայն, մատակարարվել են հաջորդ տարի։

«Գոնե իմ ղեկավարման ժամանակ չի եղել որևիցե մի զինատեսակ, որ կիրառելու համար մենք ուրիշից թույլտվություն վերցնենք: Եթե խոսքը գնում է ռազմավարական նշանակության զինատեսակի՝ «Իսկանդեր»-ին, «Իսկանդեր»-ի ձեռք բերման առաջին իսկ օրվանից «Իսկանդեր»-ի համար պատասխանատվություն կրել ենք մենք, «Իսկանդեր»-ը ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետության հնարավորության շրջանակներում, և այդպիսի բան չի եղել. և՛ նրա կիրառման, և՛ պատրաստության և՛ նրա սպառազինության տեխնիկական վիճակի համար պատասխանատուն մենք ենք եղել», - ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը փորձում է ամեն ինչ բարդել ուրիշների վրա, և ինչ-որ զենքի կիրառության մասին թույլտվություն չունենալու Փաշինյանի պնդումը այդ շարքից է։

«Այդ հայտարարությունը ևս անվստահություն է առաջացնում», - Խորհրդարանի մյուս ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմյանին ևս Փաշինյանի հայտարարությունը վստահություն չի ներշնչում, հատկապես, որ պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ի գործածության մասին տեղեկություններ եղել են։

«Եթե դա «Իսկանդեր»-ին է վերաբերում, ապա պաշտոնապես «Իսկանդեր» կիրառվել է, եթե չեմ սխալվում նոյեմբերի սկզբներին՝ Շուշիի ուղղությամբ, եթե դրա հնարավորությունը չի եղել, ապա ինչպե՞ս է կիրառվել: Երկրորդը՝ այս օրինակը հետևյալն է հիշեցնում, երբ որ մեկի տունը մարդասպան է մտնում, ասում են՝ դե գիտեք դանակով չի կարելի ինչ-որ մարդու խփել կամ պաշտպանվել: Այսինքն՝ եթե դու քո անվտանգության, քո հայրենիքի փրկության խնդիրն ես լուծում, եթե նույնիսկ այդ փաստաթղթում մեկ այլ բան է գրված, բնականաբար, դու պետք է օգտագործես քո բոլոր հնարավորությունները ինքնապաշտպանվելու համար», - ասաց Աբրահամյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառման մասին հակասական տեղեկություներ կան։ Նախ 2021-ի փետրվարին վարչապետ Փաշինյանն ասել էր, որ «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։ Ռուսական կողմից անմիջապես հակադարձել էին, թե դրանք ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաև «Իսկանդերի» հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում։ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, որի օրոք գնվել է հրթիռային համակարգը, հակառակն էր պնդել, թե ունի հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է։

«Կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Շուշիի ուղղությամբ», - ասել էր Սարգսյանը։

Ավելի ուշ Փաշինյանի խոսնակը պարզաբանել էր, թե «Իսկանդեր»-ի մասին վարչապետին ճիշտ չեն զեկուցել, բայց չէր հստակեցրել՝ կոնկրետ ինչն են սխալ զեկուցել։ Ադրբեջանական կողմը ևս պնդել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր»-ի հրթիռների մնացորդներ։

«Փաշինյանը փորձում էր ցույց տալ, թե ինքը խաբված ու մոլորված է եղել պատերազմական շրջանում». Տիգրան Աբրահամյան

Որոշ զինատեսակների կիրառության լիարժեք իրավունք չունենալու, պատերազմի վերսկսման հավանականության մասին ճշգրիտ տեղեկություններ չունենալու, պատերազմի ընթացքում Արցախից հակասական տեղեկություններ ստանալու վերաբերյալ վարչապետի պնդումները, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, ցույց են տալիս, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետը փորձում էր ցույց տալ, թե պատերազմական շրջանում ինքը իրազեկված չի եղել, խաբված ու մոլորված է եղել:

Երեկ շուրջ 6 ժամ քննիչ հանձնաժողովում պատասխանելով իր թիմակիցների հարցերին՝ Փաշինյանը նաև պնդեց, թե պատերազմից ուղիղ 2 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 25-ին, թե՛ համապատասխան կառույցները և թե՛ միջազգային գործընկերները իրեն վստահեցրել են, թե պատերազմի հավանականությունը 30 տոկոս է։ Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ պատերազմին նախորդող շրջանում բազմաթիվ իրադարձությունների էին տեղի ունենում, որոնք ցույց էին տալիս, որ պատերազմի հավանականությունը ավելին է, քան 30 տոկոսը։

«2020 թվականի հուլիսյան հայտնի տավուշյան իրադարձություններից հետո Ադրբեջանը համատեղ զորավարժություններ սկսեց բավականին մասշտաբային Թուրքիայի հետ: Այդ օրերին բավականին մեծ թվով մատակարարումներ էին տեղի ունենում դեպի Ադրբեջան Թուրքիայից ու Իսրայելից, տեղեկություններ եղան, որոնք հետագայում հաստատվեցին, այդ թվում՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որ Թուրքիան վարձկաններ էր հավաքագրում Արցախ տեղափոխելու նպատակով, որոնց փաստը ևս արցախյան ճակատում հստակ էր: Ադրբեջանում տեղի է ունենում մոբիլիզացիա ոչ միայն մարդկային ուժի, այլ նաև տրանսպորտային միջոցների և այլն: Այսինքն՝ բացի իր նշած երկու գործոններից կային բազմաթիվ այլ գործոններ, որոնք ոչ միայն ցույց էին տալիս, որ ակնհայտ մեծանում է պատերազմի հավանականությունը, այլ՝ այդ 30 տոկոսի հավանականությունը կտրուկ բարձրացնում էին: Այդ 30 տոկոս թիվը ես չեմ կարող ասել, թե ինչու է մատնանշում, երևի փորձում է հանրությանը ցույց տալ, որ իրականում մեծ չի եղել հավանականությունը, ես խաբված եմ, մոլորված եմ և այլն», - ասաց Աբրահամյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը հենց սկզբից չի մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Վարչապետի մասնակցությամբ վերջին երկու նիստերը միակ էին, որ հեռարձակվեցին ուղիղ եթերում։ Առաջիկայում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պատրաստվում է հարցեր ուղղել նաև Արցախի նախագահին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG