Մատչելիության հղումներ

Անօդաչուներն այսօր կրկին հասել են Մոսկվա


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Մոսկվայի մարզում և Նոր Մոսկվայում ոչնչացված հինգ անօդաչու թռչող սարքի մասին։

Ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է, որ մեկ անօդաչու թռչող սարք կործանվել է մերձմոսկովյան Կուբինկայում գտնվող ռազմական օբյեկտի տարածքում։

Ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունները շարունակվում են

Միաժամանակ Ռուսաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով ռմբակոծել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերը։ Ավելի քան երեսուն մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ինը երեխա, Պերվոմայսկ քաղաքին «Իսկանդերով» հարվածի հետևանքով։

Իսկ Խերսոնի մարզում այսօր տարեց ամուսիններ են զոհվել ռմբակոծության հետևանքով։ Սումի քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի երեկվա հարձակման զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել է 21 մարդ։

Ուկրաինական կողմը կրկին հայտարարում է ճակատում «մասնակի» հաջողության մասին

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովի խոսքով, Բախմուտ քաղաքից հյուսիս և հարավ, ուկրաինական բանակը մասնակի հաջողություններ ունի, ռուսները սակայն կատաղի դիմադրություն են ցույց տալիս: Ծանր մարտերն այստեղ շարունակվում են

Ուկրաինական կողմը պնդում է, որ առաջ է շարժվում նաև հարավում։ Կիևն այսօր հայտնել է Բերդյանսկի ուղղությամբ երկու կիլոմետր առաջխաղացման մասին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, սակայն, առաջխաղացումը հերքում է և պնդում, թե հետ են մղում ուկրաինացիների բոլոր գոհները։ Ամեն դեպքում նոր բնակավայրեր գրավելու մասին ուկրաինական կողմը վերջին օրերին չի հայտարարել։

Ռուսները կատարելագործել են իրենց մարտավարությունը. բրիտանական հետախուզության զեկույց

Բրիտանական ռազմական հետախուզությունը իր վերջին զեկույցում գրում է, թե ռուսական զորքերը, որոնք փորձում են կասեցնել Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը հարավում, կատարելագործել են իրենց մարտավարությունը: Նրանք սկսել են շատ ինտենսիվորեն կիրառել հակատանկային ականներ, դանդաղեցրել են ուկրաինական ուժերի առաջխաղացման տեմպերը ականապատ դաշտերի օգնությամբ, սկսել են ավելի ինտենսիվ օգտագործել հարձակողական ուղղաթիռներ։ Նման մարտավարությունը թույլ է տվել ռուսական զորքերին «որոշակի հաջողության հասնել» Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման սկզբնական փուլում։

Այնուամենայնիվ, բրիտանացի հետախույզները նշում են, որ ռուսական բանակը չափազանց շատ ռեսուրսներ է կորցնում։

Քանի դեռ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, պատերազմը չի ավարտվել. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Չնայած շուրջ մեկ ու կես տարի չդադարող այս կատաղի մարտերին՝ CNN-ին տված հարցազրույցում նախագահ Զելենսկին կրկին ասել է, թե պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել դեռևս 2014-ին բռնակցված Ղրիմը. - «Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի։ Իսկ քանի դեռ Ղրիմը գտնվում է ռուսական օկուպացիայի տակ, պատերազմը չի ավարտվել»։

Ուկրաինայի նախագահը նույն հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել Ուկրաինային անհապաղ պաշտոնապես հրավիրել ՆԱՏՕ։

«Նա կողմ է, որ մենք ապագայում լինենք ՆԱՏՕ-ում: Անդամակցության հրավերն անհրաժեշտ է հենց հիմա», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների առաջնորդը կարող է և պետք է նման որոշում կայացնի։

Դաշինքի ցանկացած երկիր ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում վետոյի իրավունք ունի։ Զելենսկին ասում է, թե հասկանում է, որ իրականում Ուկրաինան դաշինքի անդամ չի դառնա, քանի դեռ չի ավարտվել պատերազմը, սակայն հրավերն այսօր, նրա խոսքով, կարևոր ազդանշան կլինի։

Արևմուտքը տարիներ շարունակ Ուկրաինայից ստեղծում էր թշնամի, հակառուսական պետություն. Պուտին

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին

Մոսկվան բազմիցս հայատարել է, թե պատերազմի հիմնական պատճառներից մեկը հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումն է։ Այսօր ևս նախագահ Պուտինը, ելույթ ունենալով Շանհայան կազմակերպության օնլայն գագաթնաժողովին, կրկին հայտարարել է, թե Արևմուտքը տարիներ շարունակ Ուկրաինայից ստեղծում էր թշնամի պետություն. - «Երկար ժամանակ արտաքին ուժերը մեր սահմանների մոտ նախագիծ են իրականացրել՝ մեր հարևան երկիրը Ուկրաինան դարձրել են թշնամական հակառուսական պետություն Ռուսաստանի վտանգելու և մեր երկրի զարգացումը հետ պահելու համար»:

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ դաշինքի երկրները կքննարկեն, թե ինչպես կարող են ապագայում երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը։

XS
SM
MD
LG