Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների մասին Գլխավոր դատախազությունը խոսեց միայն 7 օր անց՝ տեղեկացնելով, որ Ազգային անվտանգութայն ծառայության (ԱԱԾ) վարույթում քննվող գործի շրջանակներում նրանց մի շարք մեղադրանքներ են ներկայացվել։
Մասնավորապես, առաջինը կալանավորված Ագշին Բաբիրովին, որին Սիսիանի Աշոտավան գյուղում բնակիչները բռնել էին դեռ ապրիլի 10-ին, մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Նույնանման մեղադրանք է ներկայացվել ապրիլի 13-ին Կապանի մոտակայքում կրկին բնակիչների կողմից հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողին՝ Հուսեյն Ախունդովին։ Սակայն, նրա դեպքում մեղադրանքը լրացվել է ևս մեկ հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Առայժմ, սակայն, Գլխավոր դատախազությունը չի հայտնում, թե արդյոք Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները կապ ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահակի սպանության հետ։ Դատախազությունից խոստացան այս մասին ավելի ուշ տեղեկացնել։
Մինչ իրավապահները օրեր շարունակ լռում էին Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների ու նրանց կողմից կատարված հնարավոր հանցագործությունների մասին, լռությունը խախտեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անցած ուրբաթ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարելով, որ բնակիչների կողմից Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ։
Թե որտեղից Ալեն Սիմոնյանին այդ տեղեկությունը, նրա խոսնակից չհաջողվեց պարզել։
Եթե ադրբեջանցի զինծառայողի կողմից Կապանի բնակչի հնարավոր սպանության մասին խոսեց Ազգային ժողովի նախագահը, ապա ադրբեջանցիների կալանավորման փաստի մասին առաջինը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը երեկ հանդիպել է Բաբիրովին և Ախունդովին, տեղեկացնելով, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք կալանավորված ադրբեջանցի զինծառայողները չեն ներկայացրել։ Ըստ օմբուդսմենի՝ նրանց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, և վարույթի ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։
Թե ովքեր են կալանավորված ադրբեջանցի զինծառայողների փաստաբանները, Հանրային պաշտպանի գրասենյակն այս պահին նպատակահարմար չի համարում հրապարակել, ինչպես Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը նշեց, պաշտպաններին չթիրախավորելու և նրանց աշխատանքը չխոչընդոտելու նպատակով։
Արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողները օմբուդսմենի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջան վերադառնալու ցանկություն հայտնել են. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հրաժարվեցին պատասխանել՝ առաջարկելով հարցերը գրավոր ուղարկել։ Մինչդեռ այսօր Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարղուարի ավագ խորհրդականի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի զինծառայողներին՝ ընդ որում պնդելով, թե նրանք «գերեվարվել են, իսկ զինվորներից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն էր կիրառվել»։
«Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով», - դեռևս ապրիլի 12 -ին, Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հարցին անդրադառնալով, ասել էր Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նաև ասել էր, թե ապրիլի 10 -ին հայտնաբերված զինծառայողը Ադրբեջան վերադառնալու ցանկություն չի հայտնել և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով նրան բռնի ձևով վերադարձնելու իրավունք չունեն. - «Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Գոնե այս պահին այդպիսի ցանկություն զինվորը չի հայտնել։ Եթե հայտնի, այդ դեպքում արդեն մնացած հարցը գուցե քննարկելի կլինեն»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին։