Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հաստատեցին Պրիգոժինի խռովության ժամանակ Ил-22 օդանավ կորցնելու մասին լուրերը


Ռուսաստան - «Վագներ»-ի ապստամբությունը, Դոնի Ռոստով, 24-ը հունիսի, 2023թ.
Ռուսաստան - «Վագներ»-ի ապստամբությունը, Դոնի Ռոստով, 24-ը հունիսի, 2023թ.

Իվանովոյի նահանգապետ Ստանիսլավ Վոսկրեսենսկին հաստատել է, որ Պրիգոժինի ապստամբության ժամանակ զոհվել է Ил-22 օդանավի անձնակազմը։ Օդանավը բազավորված էր Իվանովո նահանգում, և նա ցավակցական խոսքեր է անձնակազմի զոհվելու կապակցությամբ։

«Ցավակցում եմ և կիսում եմ զոհված հերոսների ընտանիքների կորստի վիշտը։ Զինվորական ծառայության ընթացքում նրանցից յուրաքանչյուրն իսկական սպայի հատկանիշներ է ցուցաբերել՝ արիություն, քաջություն, անձնուրացություն և հավատարմություն երդմանը, պատվով կատարելով իրենց զինվորական պարտքը», - ասել է նահանգապետը, բայց նա չի տվել զոհվածների անունները և չի նշել, թե քանի հոգի էին անձնակազմի անդամները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած Fighterbomber Տելեգրամ ալիքը գրել էր, որ Ил-22 օդանավում 8 մարդ կար։

Ил-22-ը տուրբոպրոպելային Ил-18-ի մոդիֆիկացված տարբերակն է, որը հագեցած է զորքերի կառավարման կապի միջոցներով։ Նման օդանավը կիրառվում է նաև ցածր բարձրությամբ թռչող ուղղաթիռներին և օդանավերին հրամաններ տալու նպատակով։ Անձնակազմը սովորաբար բաղկացած է լինում 5 հոգուց և 2-ից 4 կապի օպերատորներից։

«Վագներ»-ի զինյալները նաև ուղղաթիռներ են խոցել։ Պսկովի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը հայտնել էր Ка-52 ուղղաթիռի երկու օդաչուների զոհվելու մասին։

Սակայն մինչ այս պահը զոհվածների անունները, ընդհանուր թիվը չեն հրապարակվում։ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս հունիսի 26-ին ժողովրդին ուղղված իր խոսքում թաքցրել էր այդ տվայները, միայն ասելով, թե ընկած հերոս օդաչուների արիությունը, ինքնազոհությունը փրկեց Ռուսաստանը ողբերգական կործանարար հետևանքներից։

Հունիսի 24-ին՝ «Վագներ»-ի խռովության թեժ օրը, Տելեգրամ ալիքները գրում էին մեկ օդանավի և վեց ուղղաթիռի խոցվելու մասին։ Ըստ այդ լուրերի՝ խոցվել է ռադիոէլեկտոնային պայքարի երեք ուղղաթիռ, երկու մարտական ուղղաթիռ, ռազմատրանսպորտային մեկ այլ ուղղաթիռ և Ил-22 օդանավ։

Այս լուրերը պաշտոնապես չեն հաստատվել։

Եվգենի Պրիգոժինը խռովության ժամանակ ասել էր, թե իր վարձակնները ոչ մի մարդ չեն սպանել, իսկ խռովությունից հետո ճշտել էր՝ ոչ մի զինվոր չի զոհվել գետնի վրա, իրենց ռազմական շարասյուները դիմադրության չեն հանդիպել։

Մինչև հիմա իրենց զգուշավոր են պահում զոհված օդաչուների հարազատները, բայց մեկ դեպքում հայտի է դարձել նրանցից մեկի անունը։ Խոցված ուղղաթիռի 24-ամյա օդաչու Կիրիլ Բաբաևի հայրը՝ Անդրեյ Բաբաևը ճիշտ էր համարել Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճելը, ասելով, որ եթե նախագահը խոսք է տվել, ուրեմն արդարացի է։ Նա ասել է, որ իր որդու զոհվելու հանգամանքների քննությունը չի ավարտվել, զինվորականները շարունակում են հետաքննությունը։ AstraPress Տելեգրամ ալիքին նա պատմել է, որ անցած շաբաթ օրը ժամը 22-ին սոցցանցով ծանուցում է ստացել որդու զոհվելու մասին, իսկ հաջորդ օրը հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչները եկել ու հայտնել են Կիրիլի մահվան մասին։ Բաբաևի խոսքով՝ Կիրիլի հետ անձնակազմի ևս երկու անդամ է զոհվել: Անդրեյ Բաբաևն ասել է, թե իրենց թույլ չեն տվել ճանաչել որդու դին, ասել են՝ այնտեղ ճանաչելու ոչինչ չկա։ Նրանք խոցվել են, այրվել, ցած ընկել մեծ բարձրությունից։

XS
SM
MD
LG