Մատչելիության հղումներ

Վագներականները երեկ վայր են գցել Ил-22М տեսակի ռազմական ինքնաթիռ


«Վագների» վարձկանները երեկվա ապստամբության փորձի ընթացքում ոչնչացրել են ռուսական զինված ուժերի օդային տեխնիկայի մի քանի միավոր: Դրանց ստույգ թիվը հայտնի չէ:

Խոցված մեքենաների թվում է Ил-22М ինքնաթիռը, որն անվանում են «օդային հրամանատարական կենտրոն»:

Ռուսաստանի Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովայի փոխանցմամբ, Ил-22М օդանավում եղել է 10 մարդ, բոլորը, ենթադրաբար, զոհվել են:

Այդ օդանավը հարվածներ չի հասցնում թշնամուն և հիմնականում կիրառվում է մարտերը կառավարելու, ստորաբաժանումների գործողությունները համակարգելու, հրամանների ու թիրախների մասին տեղեկությունները հասցեատերերին փոխանցելու նպատակով:

Ռուսաստանի Հարավային զինտարածքի հրամանատարական շտաբում «Վագների» հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինին հարցրել են, թե ի՞նչ իմաստ ուներ Ил-22М-ի ոչնչացումը, եթե այն կրակ չէր բացել:

«Ռազմական շարասյան հիմար ՀՕՊ-ականը թիրախավորել է բոլոր օդ բարձրացող ինքնաթիռները»,- պատասխանել է Պրիգոժինը:

Ըստ լրագրող Իրինա Կուկսենկովայի, «Վագների» մեծահարուստ հիմնադիրը խոստացել է 50 միլիոն ռուբլի հատուցում վճարել զոհված օդաչուների ընտանիքներին:

Անձամբ Պրիգոժինը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ լուրը դեռ չեն մեկնաբանել:

Վագներականները երեկվա ռազմական ապստամբության ձախողված փորձի ընթացքում հասցրել են վայր գցել նաև Ка-52 ռազմական ուղղաթիռ, որի անձնակազմը զոհվել է, Ми-8 և Ми-35М ուղղաթիռներ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համար օգտագործվող երեք Ми-8МТПР-1 ուղղաթիռներ:

Ենթադրվում է, որ զոհված օդաչուների ընդհանուր թիվը կարող է հասնել երկու տասնյակի: Վագներականների կորուստների մասին տեղեկություններ չկան:

Պրիգոժինը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է ապստամբությունը, հրաժարվում է Մոսկվայի վրա արշավելու մտադրությունից և ստորաբաժանումները վերադարձնում է դաշտային ճամբարներ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությամբ, ապստամբության մասնակիցները կազատվեն քրեական պատասխանատվությունից:

XS
SM
MD
LG