Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Թուրքիայի նախագահ ՌեջեփԷրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Թուրքիայի նախագահ ՌեջեփԷրդողան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այսօր հաղորդում է Հայաստանի կառավարության լրատվականը:

«Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը, նշված է թուրքական կողմի տարածած հաղորդագրությունում։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար մեկնարկած գործընթացում մինչ այժմ վստահության ամրապնդման միջոցներ են ձեռնարկվել, և այդ գործընթացը պետք է շարունակվի», - փոխանցում է «Անադոլու» պետական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հաղորդագրությունը:

XS
SM
MD
LG