Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:

2018-ին հաղորդվել էր Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, սակայն պաշտոնական Երևանն այն հերքել էր: Իսկ նախորդ սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։

Փաշինյանն ու Էրդողանն այսօր ունեցած հեռավար զրույցում ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության երկու հարևան երկրների սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով:

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին:

XS
SM
MD
LG