Մատչելիության հղումներ

«Քեզ կտրորեն բլոճի նման». Լուկաշենկոն մանրամասներ է պատմում Պրիգոժինի հետ բանակցություններից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում ուժայինների հետ հանդիպման ժամանակ, Մինսկ, 27-ը հունիսի, 2023թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում ուժայինների հետ հանդիպման ժամանակ, Մինսկ, 27-ը հունիսի, 2023թ.

«Եվգենի Պրիգոժինն արդեն իսկ Բելառուսի տարածքում է», - երեքշաբթի երեկոյան Մինսկում հնչեցրած ելույթում հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը մանրամասնորեն պատմում էր շաբաթ օրը «Վագներ»-ի ղեկավարի հետ իր ունեցած բանակցությունների մասին՝ նշելով, որ դրանց սկիզբն այնքան էլ հեշտ չէր։

«Առաջին փուլում՝ մոտ 30 րոպե, խոսում էինք բացառապես հայհոյանքներով։ Հայհոյանքները տասնապատիկ ավելին էին, քան նորմալ բառերը։ Պրիգոժինն, իհարկե, ներողություն խնդրեց ու սկսեց, խոսքը հայհոյանքներով համեմելով, ներկայացնել իր տեսակետը», - նշում էր Լուկաշենկոն` պնդելով, որ հունիսի 24-ի առավոտյան, Դոնի Ռոստովի գրավումից հետո, «Վագներ»-ի ղեկավարի մոտ «էյֆորիկ տրամադրություններ էին»։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Եվգենի Պրիգոժինի և նրա ենթակաների նման պահվածքն ընդհանուր առմամբ հասկանալի էր։

«Տղաները ռազմաճակատից նոր են վերադարձել։ Նրանք իրենց աչքերով են տեսել հազարավոր զինակիցների մահը։ Նրանք նաև նեղացած են՝ հատկապես հրամանատարները։ Որքան ես էի հասկանում՝ այդ հրամանատարները Պրիգոժինի վրա մեծ ազդեցություն ունեն», - նշում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով` բանակցությունների ամենասկզբում Պրիգոժինը ներկայացրել է իր պահանջները՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրաժարականները, ինչպես նաև հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ։

«Որևէ մեկը քեզ ոչ Շոյգուին, ոչ էլ Գերասիմովին չի տա, հատկապես այս իրավիճակում, ի վերջո, դու Պուտինին ճանաչում ես նույնքան, որքան ես։ Բացի այդ, նա քեզ հետ ոչ թե չի հանդիպի, այլ նույնիսկ հեռախոսով չի զրուցի՝ կրկին ստեղծված կացության պատճառով։ Դրան ի պատասխան՝ Պրիգոժինը սկսեց ասել. - «Մեր ուզածն արդարությունն է, մեզ խեղդում են, մենք կշարժվենք դեպի Մոսկվա»։ Ես էլ նրան պատասխանեցի. - «Կես ճանապարհին քեզ կտրորեն բլոճի նման», - պատմում էր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի պնդմամբ՝ «Վագներ»-ի շարասյուների շարժը դադարեցնելու և դրանց հետքաշման, ինչպես նաև Պրիգոժինի Բելառուս տեղափոխվելու մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել առնվազն վեց երկարատև հեռախոսազրույցների արդյունքում։ «Այն պահին, երբ Պրիգոժինը համաձայնեց դադարեցնել խռովությունը, «Վագներ»-ի ջոկատները Մոսկվայից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա էին», - վստահեցնում էր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով, ի դեպ, այդ պահին Մոսկվայում ստեղծված կացությունը հիշեցնում էր 1941 թվականի աշունը։ Ռուսական իշխանությունները, ըստ Լուկաշենկոյի, զինել էին գրեթե բոլոր ուժայիններին՝ ընդհուպ մինչև ռազմական ուսումնարանների կուրսանտներին։ Բելառուսի նախագահի պնդմամբ՝ հունիսի 24-ի երեկոյան Մոսկվան պաշտպանող կառավարական զորքերի թվակազմը հասնում էր 10 հազարի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG